Ռուսաստանի դերը Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում հստակ պատկերացնելու համար անհրաժեշտ է նայել հայ–ռուսական անմիջական առնչությանը՝ կապ պաշտպանելով ժամանակային տարբեր հատվածների եւ ներկա միտումների միջեւ: Նման մոտեցումը պատկերացում է տալիս գալիքի մասին այն դեպքում, եթե Հայաստանը որեւէ բան չձեռնարկի օտար պլաններին դիմադրելու համար: 30 տարիներն այդպիսինն էին: Այս եղանակով կարելի է ուղղություններ նշել դիմադրության եւ պետության ապագա կառույցի նախագծման համար
Բնականաբար, խնդիրը բարդանում է Ռուսաստանի կողմից հայկական պետությունը պաշտպանունակության «սպեցիֆիկ» մակարդակի վրա պահելու հետեւողական ջանքերի պարագային: Այդուհանդերձ, այլ ելք չկա: Առաջին պլան է գալիս ժամանակը, որը 200 տարի, 100 տարի, 50 տարի շարքով սղվում է հաշված տարիների՝ այնուհետեւ ամիսների չափով:
Ինչն էր ներկա վիճակի մոտակա ակունքը
35 տարով հետ գնանք: Խորհրդային պետության կառավարելի կազմաքանդման ռազմավարությունը, որ ԽՍՀՄ իշխանությունները, ավելի ճիշտ Յուրի Անդրոպովի ապարատը, մշակել էր դեռեւս 1982-83 թվականներին, բնականաբար պարունակում էր ռուսների Կովկասից հեռանալու բաղադրիչը:
Հարավային ուղղությունը առավել վտանգվածն էր առանց ազգային արվարձանների մնացող Ռուսաստանի համար: Պատճառը՝ 1921 թվականին Հայաստանը իր «վիլսոնյան» սահմաններում ոչնչացնելն էր: Ազատվելով հայկական սպառնալիքից եւ շահելով իբրեւ իմպերիա գոյատեւելու հնարավորություն, Ռուսաստանը մոտ 60 տարի անց բախվելու էր արդեն ոչ թե հայկական, այլ թուրքական եւ մահմեդական սպառնալիքին: Այս երկուսի փոխադարձ առնչության մեջ Ռուսաստանի դերի մասին կարելի է որոշ պատկերացում կազմել այս շարքից:
Հարավից Ռուսաստանի ընդհանուր պաշտպանությունը ժամանակի տեսանելի հատվածի վրա պիտի իրականացներ Հայաստանը: Հնարավո՞ր էր իրականացնել նման ծրագիր Մոսկովյան 1921թ. ռուս-թուրքական պայմանագրով առաջացած status quo հանգամանքներում: Անշուշտ ոչ: Հնարավո՞ր էր վիճարկել այն ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ: Նույնպես՝ ոչ: Ապա որն էր ելքը Անդրոպովի համար:
Ռուսաստանի մնալն ու հեռանալը Հայաստանից. Խնդիրը արագությունն է
Status quo փաստացի խախտելը ԽՍՀՄ պետական սահմանից ներս, առանց Մոսկովյան պայմանագրին ուղղակի դիպչելու: 1987-ին, արդեն Անդրոպովի մահվանից հետո գործադրվեց նրա «Միացում» ծրագիրը, որ կարեորագույն մաս էր կազմում խորհրդային իմպերիայի [Լավրով, 1] կառավարելի փլուզման «Կաբան» կոչված ծրագրի: Բնականաբար այդ կարգի ռազմավարական խնդրի իրականացումը կատարում էր ԿԳԲ-ն, շրջանցելով նույնիսկ կոմկուսակցական մարմիններին եւ հենվելով անմիջապես բանակային կառուցվածքների վրա:
Ղարաբաղյան շարժման հետագա ընթացքին չանդրադառնալով, նշենք միայն երկու կարեւոր հանգամանք, որ անմիջական կապ ունենե ներկայի հետ՝ տնտեսականն եւ ռազմականը:
Ռուսաստանը, ի տարբերություն մնացած բոլոր միութենական հանրապետությունների, Հայաստանի նկատմամբ գործադրեց տնտեսության տոտալ ապաարդյունաբերականացման, դեինդուստրիալիզացիայի ծրագիր: Բաքվի կողմից Հայաստանի էներգետիկ բլոկադան իրականացվել էր Մոսկվայի հետ համաձայնեցված: Ինչու հանկարծ այսպիսի դաժանություն: Մի՞ թե նորից ծնող հայերի հանդեպ ռուս որդիական 1000-ամյա «էդիպյան» կոմպլեքսներն ու պատմական «աբիդաները»: Ամենեւին ոչ:
Մեկ Հայաստան՝ «երկու» Ռուսաստան
Պատճառը Հայաստանի առջեւ 1988-ին կանգնած ռազմական զգալի առաջխաղացման խնդիրն էր դեպի արեւելք: Թույլ տալ տարածքային նման ծավալում եւ միաժամանակ բնակչության թվի, տնտեսական ներուժի որորշակի պահպանում՝ կնշանակեր նորից վերակենդանացնել 1921-ին վերացված հայկական սպառնալիքը Ռուսաստանին:
Ռազմական ոլորտում, ընդհակառակը Մոսկվան ջանում էր Հայաստանում պահպանել խորհրդային բանակի ստրուկտուրան՝ հագեցնելով դա հայ զորակոչիկների եւ Ռուսաստանից կանոնավոր եղանակով գործուղվող հայ բազմափորձ սպայակազմով: Ռազմական շինարարության ընթացքը, սակայն, այլ կերպ դասավորվեց՝ հայ ավանդական հայդուկային ինքնըմբռնմանը համապատասխան: Այս մտայնությունը չսպառվեց նույնիսկ 30 տարի անց:
Հայաստան. Ֆորպոստից դեպի բուֆեր
Այսպիսով, նոր-նոր կազմավորվող պետական համակարգերի համար բնորոշ իրավիճակ էր ձեւավորվել: Խոսքը հնարավորությունների եւ սպառնալիքների համալիրի մասին է, որից անհրաժեշտ էր օգտվել:
lragir.am