Search
Close this search box.

Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:

Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որեւէ խնդրի աշխատեն ապագա գլխավոր շտաբի պետի հետ եւ մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը:

Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի՝ փետրվարի 25-ի հայտարարությանը միացել էին 40 զինվորականներ, սակայն, չնայած դրան, երկու օր առաջ նույն այդ զինվորականները ոտնկայս ողջունում էին Փաշինյանին, իսկ հիմա էլ ՊՆ ղեկավար կազմն է փորձում սիրաշահել նրանց:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. չնայած փետրվարի 25-ի իր առաջարկությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին որոշեց պաշտոնից հեռացնել ռազմական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»։ Ի՞նչ է ստացվում. երկրի կարեւոր գերատեսչության ղեկավարը հակադրվում է վարչապետին եւ հայտարարում, թե ռազմական հեղաշրջման փորձ չի եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա Օնիկ Գասպարյանին ինչո՞ւ իրավունքի ուժով հեռացրին այդ պաշտոնից. միայն նրա համար, որ վարչապետի հրաժարականն էր պահանջել։

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ ԱԳ նախարարի հրաժարականի մասին։ Գուցե այս անգամ ԱԳ մի խումբ աշխատակիցներով պահանջեն վարչապետի հրաժարականը։ է

Please enter a valid URL