«Հրապարակ» թերթը գրում է. Քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Ապերը, որը մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ փաստաթղթերի կեղծում, մարդու առեւանգում եւ այլն, 2020 թվականի մարտից հետախուզման մեջ էր։ Նրան հուլիսին հայտնաբերեցին եւ կալանավորեցին։ Չնայած քրեական գործը վաղուցվանից էր քննվում, եւ դատարանն անցյալում կալանքի անհրաժեշտություն չէր տեսել, բայց, ըստ երեւույթին, հրահանգն ընթացքում էր փոխվել։ Թեեւ Ապերի մերձավորները մինչ այդ վստահ էին, որ «Նիկոլը նրան ձեռք չի տա՝ Նիկոլի նստած ժամանակ ինքը նրան շատ է օգնել»։ Ինչեւէ․ մոտ 6 ամիս նստելուց հետո՝ 2021 թվականի հունվարի 8-ին, դատարանը փոխեց Ապերի խափանման միջոցը՝ 75 միլիոն դրամ գրավով ազատ արձակելով նրան։ Ապա դատախազությունը բողոք տարավ, եւ փետրվարի 22-ին վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կրկին կալանքի սանկցիա տվեց։
Ավելին, այս ընթացքում որոշել են նաեւ Ապերին «գահընկեց» անել եւ բերդում այնպիսի պայմաններ ապահովել, որ նա «կոտրվի» ու ենթարկվի իշխանություններին։ Սակայն, ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ իշխանությունն այդքան ուժ եւ հեղինակություն չի ունեցել, եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ապերը շուտով սկսել է իրավիճակը ՔԿՀ աշխատողներից ավելի լավ տիրապետել։ Մտածել են՝ տեղափոխեն Նուբարաշենի բերդ, սակայն այստեղ իմանալով, որ չեն կարողանալու այդ հարցը լուծել, հրաժարվել են ընդունել նրան։ Ստիպված տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Չնայած Վարդանյանի ո՛չ մեղադրանքը, ո՛չ գործը այդ կալանավայրում նրան պահելու հնարավորություն չեն տալիս։ Հիմա Ապերը նստած է ԱԱԾ-ի՝ «Երեւան-Կենտրոն» կալանավայրում։