Ամեն օր էլ կարող է նոր պատերազմ սկսվել։ Ոչ ոք չգիտի՝ վաղն առավոտյան ինչ կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս անգամ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հավանականությանը։
Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Greek Times»-ը զգուշացնում է՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով «հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը»։
Առուշ Առուշանյանը չի բացառել՝ հնարավոր է պատերազմ լինի, սակայն նշել է, որ հստակ փաստեր չունի։
«Տխրահռչակ իշխանություններն ամեն օր հրահրում են։ Չեմ կարող հստակ բան ասել։ Եթե ԱԳՆ ունենք, թող նրանք զբաղվեն։ Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես զինվոր պատրաստ եմ նորից կռվել։ Մեր հողն է, պետք է պահենք, դա չի քննարկվում, բայց այս պահին թող դիվանագետները զբաղվեն»,-ասաց Գորիսի քաղաքապետը։
Հարցին՝ արդյոք այս պահին թշնամու կողմից Սյունիքի ուղղությամբ վտանգ տեսնու՞մ է՝ Առուշ Առուշանյանն արձագանքել է․ «Չեմ կարող ասել։ Եթե նրանք պատրաստվեն, առաջին գծում ցույց չեն տալու, որ պատրաստվում են։ Պարզ է՝ մի քանի կմ իրենց գծից հեռու է լինելու այդ պատրաստվածությունը, ինչը մենք չենք կարող տեսնել։ Այն ժամանակ բավական լավ դիրքեր ունեինք, եթե այս րոպեին կռիվը սկսեր և այդ դիրքերն ունենայինք, լավ կլիներ։ Հիմա կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել։ Եթե իշխանությունները 26 կմ-ն չտային, կունենայինք այդ դիրքերը»,-նշեց Գորիսի քաղաքապետը։