Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու: Ըստ minval.az–ի՝ «Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», — ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հաշվի առնելով ռազմական փորձը` հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի բերելուն և վերախմբավորմանը, այդ թվում նաև մարտական համակարգման և համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև փոխգործակցության բարելավմանը: «Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական խմբերի, ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ դրված խնդիրներ և հակաահաբեկչական գործողություններ են իրականացնելու», — նշել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:
Իր հերթին Ալիևն էլ շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել՝ կարևորելով Թուրքիայի աջակցությունը:
Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: «Մենք անընդհատ միասին ենք, միմյանց աջակցում ենք ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչպես գիտեք, մեծ երախտագիտություն է առաջացրել համայն ադրբեջանցի ժողովրդի մոտ: Դա բնական է, քանի որ երկու եղբայրական երկրներ միշտ էլ իրար կողքի են:
Իմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջին ժամերից իսկ մեզ ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը, իհարկե, մեզ շատ է ոգևորել: Համերաշխություն և աջակցություն են ցուցաբերել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարը և խորհրդարանի անդամները: Այսինքն՝ պատերազմի օրերը ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինչպես են մեր ժողովուրդները կապված իրար հետ, ինչ սիրով ու հարգանքով են վերաբերվում միմյանց»,- եզրափակել է Ալիևը:
Ալիևը, հիշեցնենք, որ խոսում է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին: «Տրանսպորտային նախագծերի» հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը բացվել է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթացից հետո: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը համաձայնել է «հստակեցնել» սահմանը Սյունիքում: