Search
Close this search box.

Փաշինյանի օգնականի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞. դատախազությունն ուսումնասիրություն է սկսել

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի կողմից հնարավոր ապօրինի միջամտության վերաբերյալ հրապարկումները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ երեկ տեսանյութ է տարածվել Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը միջամտելու վերաբերյալ։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ գործով քննիչ Արթուր Այվազյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ է ստանում Վարդապետյանից, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Վարչապետի օգնականն իրեն իրավունք է վերապահել խմբագրել եւ ըստ իր հայեցողության շարադրել քննիչի որոշումը։

Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին։

Դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ստացել են ներկայացված հաղորդումը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է, քննիչն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին, իսկ 6-րդ հոդվածն սահմանում է լիազորությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված` ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:

Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներով քննիչը իր կողմից կայացված դատավարական որոշումներն ուղարկում է բացառապես կոնկրետ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազին։ Քրդատօրենսգիրքը չի նախատեսում քննիչի կողմից քննության արդյունքների մասին գործադիրին իրազեկելը, ավելին՝ դատավարական որոշումների բովանդակությունը նրա համաձայնեցնելը։ Նման գործողությունները գնահատվում են որպես արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտել, ինչի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով։

Please enter a valid URL