Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ուղղակիորեն հնարավոր չէ փորձաքննություն իրականացնել: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն ստուգվել, և կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անալիզ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է, և մենք կապի մեջ ենք միջազգային բարձրակարգ այլ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ և տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը նաև նշեց՝ մասունքներն այնքան վնասված են, որ անգամ այլ երկրների լաբորատորիաներում հնարավոր չի լինի անցկացնել դրանց փորձաքննություն:
Դիտարկմանը, որ «Սպայկայի» սառնարաններում դեռեւս մարմիններ կան, որոնք կանգնած են դիահերձարանների մետ, նախարարը պատասխանեց,. «Դա «Սպայկայի» սառնարանը չէ: Այո, Մեծամորում ունենք դիահերձարան եւ դիակները պահպանվում են այնտեղ: Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար: Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին է պահպանվում:
210 փորձանմուշ կա, որոնց հետ աշխատելը դժվար է: 2200-ից ավել ճանաչում ունենք, և ունենք 180 ծնող, ովքեր սպասում են փորձանմուշների պատասխանի»,- ասաց նա:
Անահիտ Ավանեսյանը նաև հերքեց խոսակցությունները, որ փորձանմուշների և մարմինների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների մարմինները, և որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում: