Մարտի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտոնակիցները անդրադարձել են երկկողմ ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և այլ թեմաների։
Past.am-ի մոսկովյան աղբյուրը, սակայն, փոխանցում է, որ իրականում հեռախոսազրույցի առիթը մեկն է եղել, այն է՝ ռուսական կողմը իր ուշադրության տակ է պահում ՀՀ ԶՈՒ հետ կատարվող իրադարձությունները և մտահոգություն է հայտնում։
«Շոյգուն Հարությունյանին փոխանցել է, որ իրենք չեն հանդուրժի, որ Հայկական բանակը քանդեն, դա նրանք դիտարկում են որպես արևմտյան պլան, իսկ ՀՀ իշխանությունների ոտնձգությունները բանակի նկատմամբ՝ որպես Արևմուտքից պատվիրված։ Հարությունյանը փորձել է հավաստիացնել, որ բանակ քանդելու նպատակ չկա, խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի և այն զինվորականներն են, որոնք դուրս են եկել երկրի ղեկավարության դեմ։
Սակայն, ըստ մեր աղբյուրների, Շոյգուն բավականին կոշտ զգուշացրել է, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից զատ, այլ պաշտոնանկություններ իրենց կողմից կդիտվեն որպես Հայկական բանակը քանդելու պրիզմայով, որն անթույլատրելի է իրենց համար, քանի որ Հայկական բանակը Ռուսաստանի համար ստրատեգիկ նշանակություն ունի այս տարածաշրջանում, ՀԱՊԿ անդամ երկրի բանակ է և այլն»,-գրում է լրատվամիջոցը: