Search
Close this search box.

Դպրոցն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս աջակցել նրանց հետագա առաջընթացին. «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ»

Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը այդպես ընդլայնում է ֆիզիկական միջավայրը՝ գիտական ու կրթական առավել լայն դաշտ ստեղծելու համար: Նյութական հենարան ունենալու համար էլ հիմնվեց «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակը կոնկրետ խնդիրների լուծումն է՝ նպաստել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի օլիմպիական խմբակների աշխատանքներին և աջակցել դպրոցին:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մեծ ավանդ ունի Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման, օլիմպիականների պատրաստման, միջազգային ասպարեզում Հայաստանը այս ուղղությամբ ներկայացնելու գործում: Օլիմպիադաները լուրջ հանրավորություն ու խթան են կրթությունն ավելի որակյալ դարձնելու և այդ գործընթացում որքան հնարավոր է շատ դպրոցներ ու աշակերտներ ընդգրկելու համար: Լինելով Հայաստանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների դարբնոց՝ դպրոցն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս բացահայտել օժտված երեխաների կարողությունները և աջակցել նրանց հետագա առաջընթացին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը նշում է.
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը ստեղծվել է մեկ հիմնական նպատակով. այն է՝ մեր դպրոցի օլիմպիական օժտված երեխաների համար պայմանների ստեղծում և աջակցություն: Պայմանների ստեղծում նշանակում է համապատասխան բազայի՝ լաբորատորիաների և կաբինետների հիմնում: Իսկ աջակցության ուղղությունները տարբեր են: Նախ դժվար խնդիր է դպրոցում աշխատել ցանկացող բարձրակարգ մասնագետ գտնելը, ով կարող է երեխաների հետ աշխատել առկա աշխատավարձով: Ուստի անհրաժեշտ է մեր մասնագետներին, խմբավարներին, որոնց պետականորեն սահմանված աշխատավարձը բավական համեստ է, հավելյալ վարձատրել, ֆինանսական աջակցություն ցուցաբերել ժամանակակից սարքավորումներ և տեխնիկա ձեռք բերելու համար: Նաև պետք է կարողանանք ապահովել մեր աշակերտների մասնակցությունը միջազգային այլ օլիմպիադաների՝ ավելացնելով նրանց փորձառությունը և միջազգային ասպարեզում մշտապես մրցունակ լինելը: Քանի որ դա է սովորողի կրթական մակարդակի աճի, գիտական վերելքի կարևոր ճանապարհներից մեկը: Այսպիսով՝ հիմնադրամն ունի երկու հիմնական ուղղություն՝ առաջինը՝ սարքավորումներ, լաբորատորիաներ և կաբինետներ, երկրորդը՝ ֆինանսական աջակցություն խմբակների ղեկավարներին և թիմերին՝ այլ օլիմպիադաներ գործուղելու համար»:

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի ծրագիրը նախատեսում է աջակցություն նաև կրթական կարևոր այլ բաղադրիչների, այն է՝ դպրոցի առաջընթացն ապահովող նորարարական ծրագրեր, գիտաժողովներ, դասախոսություններ, առարկայական օլիմպիադաներին վերաբերող գրականության հրատարակում, օիմպիական խմբակերի ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն:

«Ֆիզմաթ դպրոցը նախաձեռնել է կտուրը դարձնել ձեղնահարկ: Կա հաստատված նախագիծ, ըստ որի կատարվում են շինարարական աշխատանքներ՝ դպրոցի տնտեսված գումարի հաշվին — պատմում է Հայկազն Նավասարդյանը:
-Մենք նախատեսել ենք ձեղնահարկում ստեղծել մեկական ֆիզիկայի և ինժեներական, երկու ռոբոտաշինության լաբորատորիաներ: Մեր խնդիրն է ապահովել այդ լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով: Արդեն ունենք ֆիզմաթցիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հովանավորել ֆիզիկայի լաբորատորիայի հիմնումը: Հետագա աշխատանքները քննարկվելու են ոլորտի կայացած մասնագետների և կառույցների ղեկավարների հետ:
Ծրագրերը, նախահաշիվները, մուտքերն ու ծախսերը, ինչպես նաև հաշվետվությունները կտեղադրվեն «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի physmathfriends.am կայքէջում»:

Please enter a valid URL