Search
Close this search box.

Հայաստանից փախած լրտես տիկինը պատերազմի օրերին որտեղ է եղել, ինչ գիտի ԱԱԾ-ն այդ մասին, և ինչու նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ իր մանդատի իրականացման գործում թերացումների եւ ոչ համագործակցային աշխատելաոճի համար դադարեցվել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը:

Թեեւ համացանցում լուրեր էին տարածվել, թե հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը լրտեսություն է արել՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, սակայն ՀՀ ԱԳՆ-ն դա պաշտոնապես չհաստատեց՝ ազատման իրական պատճառի մասին այդպես էլ չխոսելով: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց այս տեղեկությունների հետքերով, եւ ուժային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը, սակայն զարմանալի դանդաղկոտությամբ այս մասին տեղեկությունը տարածվեց պատերազմից միայն չորս ամիս անց, ու այդպես էլ հայտնի չդարձավ՝ ԱԱԾ-ն երբ է նրա լրտեսությունը բացահայտել:

Եւ տարօրինակ է, թե ինչու նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այլ միայն կառավարության որոշմամբ նա պաշտոնանկ արվեց: Ինչպե՞ս է նա կարողացել անարգել դուրս գալ Հայաստանից: Ամեն դեպքում, մեզ հայտնի չէ, թե Մարիան Քլարկ-Հաթինգը որտեղ է եղել 44-օրյա պատերազմի օրերին, ինչ տեղեկությունների է տիրապետել, ինչու նա այդ ընթացքում երբեւէ չի արձագանքել Ադրբեջանի տարբեր վայրագություններին երեխաների նկատմամբ այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաքելություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք մենք ունե՞նք Ազգային անվտանգության ծառայություն, որը պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելով, նաեւ լրտեսներին բացահայտելով, թե՞ այլեւս այդ կառույցի գլխավոր առաքելությունը «ֆեյք» բռնելն է կամ սատանաներ որսալը»:

Please enter a valid URL