Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչը հապճեպ լքել է երկիրը, քանի որ վերջինիս մեղադրում են ի օգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն անելու մեջ: Այսօր ԱԳՆ-ն փաստացի հաստատեց, որ Մարին Քլարկ-Հաթինգը պերսոնա նոն գրատա է հայտարարվել` իհարկե, որևէ կերպ չնշելով ներկայացուցչի հեռանալու իրական պատճառները:
Մարին Քլարկ-Հաթինգը Հայաստանում իր պարտականությունները ստանձնել է ընդամենը 8 ամիս առաջ: Ուշագրավ է, թե ինչով է այդ ընթացքում զբաղվել նրա ղեկավարած կազմակերպությունը: Միանգամից աչքի է զարնվում հանգամանքը, որ Քլարկ-Հաթինգի Հայաստան գալով ՅՈւՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը մեծ ուշադրություն է սկսել դարձնել Տավուշի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաների իրավունքներին և կարիքներին: Մոնիտորինգային խմբերը այցելում էին սահամանամերձ գյուղեր թե համավարակի դեմ պայքարի շրջանակում օգնություն տրամադրելու, թե հետպատերազմյան իրավիճակում երեխաների խնդիրների ուսումնասիրության նպատակով: Տարակուսելի է, թե ինչու է ՅՈւՆԻՍԵՖ-ը թիրախավորել հենց այս երկու մարզերը` հաշվի առնելով, որ Հայաստանում սահմանամերձ բազմաթիվ այլ բնակավայրեր են առկա, որոնք ուշադրության կարիք ունեն:
Պաշտոնավարման սկզբից Մարին Քլարկ-Հաթինգի հետ հանդիպել են հետևյալ պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սոցապ նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, ով, ի դեպ, կարկառուն սորոսական է համարվում, ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և, իհարկե, վարչապետ Փաշինյանը:
2020 թվականի Հոկտեմբերի 16-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ
Ընդամենը օրեր առաջ էլ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին այցելել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրիմշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը՝ կառավարության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների և շահառուների հետ միասին ներկայացրեցին համատեղ նախագիծը: Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) կողմից ֆինանսավորվող՝ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում (2020-2021) գործընկերները նպատակ ունեն COVID-19-ի և հակամարտությունից տուժած ՀՀ սահմանամերձ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բարձրացնել կայունությունն ու բարելավել լավ կառավարումը և սոցիալ-տնտեսական անվտանգությունը: Ինչպես տեսնում ենք՝ կրկին թիրախում սահմանամերձ համայնքներն են:
Պատերազմից հետո ՅՈւՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը իրականացրել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ Արցախից տեղահանված երեխաների համար: Այս ամենով հանդերձ ֆիքսենք՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը անգամ ծպտուն չհանեց, երբ պատերազմի օրերին թշնամու թիրախում էին հայտնվում դպրոցները, մանկապարտեզները և ծննդատները: Բազմաթիվ հարցեր են առաջանում նաև ՀՀ կառավարությանը:
Ենթադրենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավարի կողմից կատարված լրտեսության մասին լուրերը իրականությանը համապատասխանում են և, փաստացի, համապատասխանում են, հակառակ դեպքում պաշտոնյաները մեկ օրում անաղմուկ չեն լքում իրենց պաշտոնը, ապաակտիվացնում իրենց թվիթերյան օգտահաշիվները, միայն այն պատճառով, ինչպես նշում է ՀՀ ԱԳՆ-ն, որ նրանց գործելաոճը չի բավարարել ընդունող կողմին: Ակնհայտ է, որ գործ ունենք ավելի խորքային պրոցեսների հետ, սակայն ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները ակնհայտորեն փորձում ջրից չոր դուրս բերել դեսպանին` չցանկանալով օգտագործել այս խաղաքարտը միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի և նույն Մեծ Բրիտանիայի: Արդյո՞ք ԱԱԾ-ն հարցաքննել է դեսպանին և արդյո՞ք տեղյակ է, թե ինչ ծավալի ինֆորմացիա է փոխանցվել երրորդ կողմին: Արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են հետաքննել այս դեպքը, թե նախընտրում են մարել բարձրացող աղմուկը ոչինչ չասող պարզաբանումներով: Դա առնվազն ստիպում է մտածել, որ Հայաստանի իշխանությունների համար վերջին բացահայտումները Մարիան Քլան –Հաթինգի շուրջ այնքան էլ բացահայտումներ չէին, վերջիններս տեղյակ են եղել և այսօր պարզապես փորձում են փրկել դեսպանին՝ ջրելով սկանդալը…Т
Նյուլի աղբյուր՝ lurer.com