Այսօր «Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին, և նրա գլխավորած «Հայաստանի ներդրողների ակումբը»՝ հայտարարեցին մեկ միլիարդ դոլարի ներդրման մասին: Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ ամիսներ առաջ խոստացել էր 3.2 մլրդ դոլար ներդրման մասին: Անգամ ներդրողների ակումբ էր ստեղծվել: Տպավորություն կար, որ այդ ակումբը Հայաստանում պատրաստվում է իրականացնել մշակութային ու տեխնոլոգիական հեղափոխություն: Ընտրություններից առաջ՝ 15 միլիարդ դոլարի նորդրման մասին խոսում էր նաև Գագիկ Ծառուկյանը, եթե իհարկե ԱԺ ընտրություններում ստանար 50+1 տոկոս ձայն:
ArmLife.am-ն այս թեմայի շուրջ խոսել է ԲՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, կարող ենք ասել, որ 1 միլիարդը լուրջ ձեռքբերում է և ի՞նչ վստահություն կա, որ ներդրումը կիրականացվի:
-Ես չեմ կարող ասել՝ դա կարող է իրականություն դառնալ, թե ոչ, բայց մի բան գիտեմ, որ եթե մենք լինեինք քաղաքական մեծամասնություն և ժողովուրդը մեզ տված լիներ 50+1 տոկոս ձայն, ապա Ծառուկյանի խոստացած 15 մլրդ դոլար ներդրումը հաստատ կյանքի կկոչվեր: Ավելին, երբ Ծառուկյանը 15 միլիարդ դոլարի ներդրման մասին էր խոսում՝ նա մեղմ էր ասում. ներդրողները պատրաստ էին ավելի շատ ներդրում կատարել` վստահելով Գագիկ Ծառուկյանին: Հետևաբար, 15 մլրդ դոլարի խոստացված ներդրումը կախված է մեր քաղաքական կարգավիճակից: Չնայած որ, Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում է, որ հնարավորինս մեծ չափի գումար ներդրվի Հայաստանում:
-Դուք ասում եք, որ այդ չափի ներդրում կարվի այն ժամանկ, երբ լինեք քաղաքական մեծամասնություն: Եթե Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը կոալիցիա կազմի մեծամասնության հետ և պատասխանատվություն վերցնի հնարավո՞ր է, այնուամենայնի, այդ 15 միլիարդ դոլարի ներդրումն իրականացվի:
-Չեմ կարծում, որ կոալիցիա կազմելու դեպքում 15 միլիարդի ներդրում կկատարվի: Այստեղ՝ դու կլինես կոալիցիոն գործընկեր, դու մեծամասնություն չունես: Այդ ժամանակ, իհարկե, կլինեն ներդրումներ, բայց թե ի՞նչ չափի՝ կերևա ընթացքում: Մենք հիմա էլ տեսնում ենք և անկախ ամեն ինչից՝ կոալիցիայի մաս ենք, թե ոչ, Ծառուկյանը՝ Կոտայքի մարզում լուրջ ներդրումներ է կատարում: Հետագայում, երբ լինենք մեծամասնություն, ներդրումներ կիրականացվեն բոլոր մարզերում: Իսկ «Ծառուկյան» դաշինքի՝ կառավարությունում լինելու հանգամանքն ուղղակի վստահություն կառաջացնի ներդրողների մոտ:
-Հաճախ է խոսվում կոալիցիա կազմելու գաղափարի մասին: Ի՞նչ եք կարծում, դա կլինի 2018թ.-ի ապրիլին, երբ կավարտվի նախագահի լիազորությունները, թե՞ ավելի շուտ կառավարությունը կցրվի ու կոալիցիա կձևավորվի:
-Դժվարանում եմ պատասխանել, դա քաղաքական մեծամասնության որոշելիք հարցն է, իրենց ռազմավարությունը:
-Պարոն Հակոբյան, երբ որ խոսում ենք «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելու մասին, շատերի կարծիքով՝ դա անհրաժեշտ չի, քանի որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն մեծամասնություն են: Այս դեպքում, դուք ինչպե՞ս եք տեսնում դրա քաղաքական ու տնտեսական անհրաժեշտությունը:
-Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ինչքան շուտ ձևավորվի քաղաքական փրկության կամ համաձայնության կառավարություն՝ մենք կկարողանանք ներդրողներին ցույց տալ ու համոզել, որ այստեղ մի կուսակցություն չէ և վստահությունը կմեծանա ու ավելի շուտ ներդրումներ կլինեն: Այդ ժամանակ կկարողանանք, թե՛ մեր տնտեսությունը ոտքի հանել, թե՛ արտագաղթը կանգնեցնել:
Ցանկացած քաղաքական կոալիցիա ստեղծելու ժամանակ՝ քաղաքական մեծամասնությունն է որոշում դրա անհրաժեշտությունը կա, թե չկա:
-Արդյո՞ք կոալիցիա կազմելով Գագիկ Ծառուկյանը կկարողանա իրականացնել իր 15 կետից կազմված ծրագիրը:
-Եթե Ծառուկյանը քաղաքական մեծամասնություն կազմեր՝ այդ 15 կետերը միանշանակ կյանքի կկոչվեին: Կոալիցիա կազմելու դեպքում՝ այդ կետերը կիրականացվեն, բայց ոչ հարյուր տոկոսով: Ծառուկյանը՝ ամեն ինչ կանի, որ ամենակարևոր կետերը կյանքի կոչվեն:
-Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը օրերս Եվրոական խորհրդարանում քաղաքական մի շարք հանդիպումներ ունեցավ: Պարոն Հակոբյան, Ծառուկյանի Բրյուսելյան այցը, փաստացի, տեղի ունեցավ ասոցացման համաձայնագրից առաջ: Կարո՞ղ ենք ասել, որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը համաձայն է ասոցացման համաձայնագրին:
-Միաշանակ, այս այցը վկայեց, որ քաղաքական երկրորդ ուժը միակարծիք է քաղաքական մեծամասնության հետ՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը կյանքի կոչելու հարցում: Ասեմ նաև, որ բավական հաջողված այց էր և Ծառուկյանի ելույթը վկայեց, որ Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Արցախի խնդրի լուծման հարցում ևս միակարծիք է:
ArmLife.am