Search
Close this search box.

Ի՞նչ նպատակ ունի ռուս զինծառայողների այցը Տավուշի մարզ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»:

Մեր տեղեկություններով ևս՝ 3-րդ բանակային կորպուսում, այսպես ասած, անսովոր կամ հատուկ իրավիճակ չի եղել, սահմանին՝ նույնպես:

Պաշտպանական գերատեսչությունը հերքել էր նաև և մտացածին համարել ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է՝ մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»:

Այս դեպքում փաստերը և մեզ հասած տեղեկություններն այլ բանի մասին են խոսում. մի քանի օր է՝ ռուս զինծառայողներն Իջևանում են, և ինչ-ինչ դիտարկումներ եղել են:

Ավելին, 168.am-ին հասած տեղեկություններով, Ռադիոէլեկտրոնային պայքարի շրջանակում է այցը, այսինքն՝ ՌԷՊ կայանների տեղադրման կետերի համար չափումներ են արվել, և նախատեսված է կայան Սևքարի գլխին:

Եթե մի կողմ դնենք մեզ հասած տեղեկությունը, ապա չի կարելի բացառել նաև սյունիքյան նախադեպը և այն, որ ՊՆ-ն կարող է շատ հանգիստ Գլխավոր շտաբի թիկունքում գործել և տարածքային-սահմանային խնդիրներ լուծել:

Երկրորդ՝ ռուսների ներկայությունն այս օրերին Տավուշի մարզում, շատ հնարավոր է՝ զսպող դեր ունի՝ և՛ ուղղված ադրբեջանաթուրքական տանդեմին, և՛ ՀՀ իշխանություններին: Եվ այն, որ 3-րդ բանակային կորպուսը «հատուկ վիճակի» չդիմեց՝ չի բացառվում, որ դրանով խառնել է սահմանին լուրջ լարվածություն ստեղծելու իշխանական խաղաքարտերը: Չմոռանանք, որ արցախյան վերջին պատերազմի սկիզբը, ըստ էության, դրվեց 2020-ի տավուշյան գործողություններով: Դրա ազդեցությունն ընդունել է անգամ Նիկոլ Փաշինյանը:

«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին՝ այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»,- «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում նշել էր նա:

Իսկ 5TV-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե հուլիսյան բախումը հրահրել է հայկական կողմը։

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Տավուշի մարզում դիրքերի բարելավման օպերացիա էր իրականացվել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ կամ անմիջական ղեկավարությամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այն ժամանակ անցնում էր Ադրբեջանի սահմանով, արդեն անցավ մեր սահմանով:

«Այսինքն՝ մենք մեր դիրքերն այնքան ենք կարողացել առաջ քաշել և այնպիսի դիրքեր գրավել, որ այսօր Ղազախ-Թբիլիսի մայրուղին մեր հսկողության տակ է, և երբ ուզենանք, կարող ենք ցանկացած տրանսպորտ խոցել: Բայց սա անհատական գործողություն էր, Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնել էր «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:

Կապիտուլյացիոն փաստաթղթով արցախյան վերջին պատերազմի ավարտից անմիջապես հետո տեղեկություններ ստացվեցին, որ Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել:

168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր, ինչը, պարզվեց, անհիմն չէր այդ պահին:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Եթե, ամեն դեպքում, Տավուշի մարզում ԽՍՀՄ քարտեզի տարածման պարտադրանք լինի Ադրբեջանի կողմից, ապա Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Չի բացառվում, որ այս դեպքում հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը դառնա չեզոք գոտի: Սրա մասին ամիսներ առաջ մեկ անգամ արդեն գրել ենք:

Ի դեպ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում «օտար ոտքը» կհանի իր տարածքից:

Please enter a valid URL