Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել Զինված ուժերի ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ։

«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:

Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:

Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն):

Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը», — նշված է ՀՀ առաջին նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակել է ilur.am կայքը։

Please enter a valid URL