Search
Close this search box.

ԱԱԾ-ն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում ադրբեջանցի զինծառայողների մասին

ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի:

Հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից:

Please enter a valid URL