Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կողմերը ընգծել են Ադրբեջանի կողմից գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը, ամերիկյան կողմը նշել է Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը և հայտնել իր պատրաստակամությունը շարունակելու իր դերը հակամարտության կարգավորման գործում։ Միաժամանակ, Բլինքենը հավաստիացրել է, որ ԱՄՆ կշարունակի օգնություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների հարցում, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ չի խոսվում անվտանգության ոլորտում համագործակցության մասին, չնայած 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում անընդհատ խոսում են բանակի վերականգման և արդիականացման անհրաժեշտության մասին։ Գործող իշխանությունը խոսում է Ռուսաստանի հետ համատեղ բանակի արդիականացման մասին, նույնը ասում է Ռոբերտ Քոչարյանը։
Ինքնին «Ռուսաստանի հետ համատեղ բանակի արդիականացում» արտահայտությունը չարագուշակ է հնչում։ Հատկապես 2020-ի պատերազմի ֆոնին, որի ժամանակ ռուսական սպառազինության, հատկապես ՀՕՊ և հակահրթիռային համակարգերի որակը եւ կիրառման հանգամանքները լուրջ հարցեր են առաջացրել։ Բացի ռազմական բաղադրիչից, փորձագետները, այդ թվում ռուսաստանցի, նշում են մեկ այլ հանգամանք, որ սպառազինությունը Հայաստանին տրամադրվում էր Բաքվին որոշակի երաշխիքներով, ինչի վկայություններն առկա են ռազմական գործողությունների ընթացքից:
Բացի այդ, պատերազմը ցույց տվեց, թե ինչի է բերում Հայաստանի անվտանգության գործառույթների փոխանցումը Ռուսաստանին։ Դա «հասկանալի է» ռուսական շահերի տեսանկունից։ Արդյոք նույնն են ցանկանում ինքնիշխան Հայաստանի գեներալիտետն ու քաղաքական դասը։ Ուրիշ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հայերը սկսեն մտածել իրենց անվտանգության մասին։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ՊՆ Ջուանշիր Բուրչուլաձեի հետ. «Նախարար Բուրչուլադձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի բանակի արդիականացման և բարեփոխումների համար, ընգծելով ռուսական սպառնալիքը»։ Իր հերթին, Օսթինը «հաստատել է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և պատրաստակամություն է հայտնել օժանդակել Վրաստանին պաշտպանունակության զարգացման գործում։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում առաքելության համար», ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։
Հայ խաղաղապահներն Աֆղանստանից մարտի 4-ին վերադարձել են հայրենիք։ Հայկական կողմի տեղեկատվության մեջ չի նշվում՝ կիրականացվի՞ արդյոք հայ խաղաղապահների ռոտացիա, թե Հայաստանը կրճատում է առաքելությունը։
ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ-ի հետ հարցազրույցում ասել է, որ մարդասիրական առաքելությունը Սիրիայում, որը «հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անկասկած կշարունակվի»։ «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում մենք զգալիորեն կրճատել ենք ազգային խաղաղապահ ուժերի թիվը Աֆղանստանում և Կոսովոյում, որոնք կատարում էին ՆԱՏՕ-ի առաքելությանը (Աֆղանստանում 121 զինծառայողներից մնացել են 58-ը, իսկ Կոսովոյում՝ 40-ից 2-ը)», ասել է Հարությունյանը։
Արդյոք Հայաստանը մտադիր է դադարեցնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և այդ դեպքում ինչպե՞ս է պատրաստվում «արդիականացնել» իր բանակը։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի առաքելությունները հայ զինծառայողների համար անգնահատելի հնարավորություն են ժամանակակից տեխնոլոգիաների ու մարտավարության փորձի տեսակետից: