Search
Close this search box.

120 օրվա գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացու վագոն-տնակին կփոխարինի տունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ 120 օրվա գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացի Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցվի:

«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։

Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է պատգամավորը:

Նա տեղեկացրել է, որ փաստաթղթային աշխատանքները սկսվել են: Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը և տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը: «Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»,-նշել է նա:

Please enter a valid URL