Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. ի՞նչ են խոսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա:

Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարեւորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները եւ վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի եւ ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների եւ բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար:

Please enter a valid URL