Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի: Պնդում եմ՝ իսկանդերը պատերազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու, ապա դա իմ խնդիրը չի, Իրավունք թերթին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իսկանդերը կիրառվել է: Հետո եղավ հայտնի սկանդալը վարչապետի հայտարարությունից հետո, ռուսական բուռն արձագանքով ու հայաստանյան «ընդդիմադիր» շրջանակների անհեթեթ մեկնաբանություններով: Հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ իրենց հավաստի տեղեկություններով՝ իսկանդերը չէր կիրառվել, վարչապետի խոսնակը հայտարարեց, թե վարչապետին թյուրիմացության մեջ են գցել, Կրեմլի խոսնակն էլ հայտարարեց, թե ճշմարտությունը վերականգնվեց: Հատկանշական է, որ իսկանդերի կիրառման փաստը Մոսկվային հավասար հերքում էին նաեւ Բաքվում ու Անկարայում:
Պետք է արժանին մատուցել հայ գեներալին, ով այսքանից հետո պնդում է, որ իսկանդերը կիրառվել է: Քչերը կան Հայաստանում, ովքեր կհամարձակվեն հակաճառել ռուսներին: Մովսես Հակոբյանը նախկինում էլ արժեքավոր բացահայտումներ է արել, եւ իր պնդումից հետո լավ կլիներ ավելի մանրամասն պատմեր իսկանդերի կիրառման եւ այլ հանգամանքների մասին: Գուցե դրա ժամանակն էլ գա:
Մինչ այդ, Մոսկվա-Բաքու-Անկարա հերքումներն անկասկած առնչվում են Լավրովյան պլանի իրագործման հանգամանքներին: Այդ պլանը պետք է իրագործվեր պատերազմով եւ հայկական երաշխավորված պարտությամբ, որը Արցախ ռուսական զորք մտցնելու միակ ձեւն էր: Շուշի-Բերձոր գծով պատերազմի դադարեցումը եւ Հադրութի հանձնումը դրա պայմանն էր: Դա ենթադրում էր պատերազմի բարձր կառավարելիություն, հայկական կողմի դիմադրությունը թույլ չտալու համար: Ռուսաստանի համար դա բարդ խնդիր չէ, նկատի առնելով սպառազինության, հատկապես բարձր տեխնոլոգիական զինատեսակների վերահսկողությունը, այդ թվում՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի: Ընդ որում, կարեւոր պայման էր նաեւ մեծ քանակով զոհերը հայկական կողմից, որն ապահովվում էր հենց ՀՕՊ-ի անգործությամբ, ճակատում եւ թիկունքում քայքայիչ գործունեությամբ եւ այլն: Ոչ կուսակցական կամ չքաղաքականացված զինվորականների զրույցներն այս առումով խիստ արժեքավոր վկայություններ են:
Պատերազմը կանգնեցվեց Երասխում ռուսական ուղղաթիռի խոցումից եւ իսկանդերի կիրառումից հետո, որից հետո ռուսական զորքը մտավ Արցախ: Իսկանդերի կիրառումը տվյալ պարագայում մատնում է Ռուսաստանի պլանները եւ գործողությունները պատերազմի եւ դրա արդյունքների մասով: Բաքվի պարագայում խնդիրը պակաս կարեւոր չէ՝ ստացվում է, որ «հաղթանակը» ձեռք է բերվել Ռուսաստանի ծրագրերի եւ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների արդյունքում: Դա այդպես էլ կա:
Նիկոլ Փաշինյանը սպասո՞ւմ էր նման արձագանք, մյուս կողմից՝ դրան հետեւած Գլխավոր շտաբի դեմարշից հետո նա կարող էր ոչ թե «լիզեր թքածը», այլ Մովսես Հակոբյանի պես պնդել իր հայտարարությունը, որն անկասկած առնչվում էր ոչ միայն պատերազմի հանգամանքներին, այլեւ անվտանգության հարցերում ՆԱՏՕ-ի հետ քննարկումների մեկնարկի հնարավորությանը: Փոխարենը, նա ընտրեց «ճշմարտության վերականգնումը» եւ ներքին գործերին չխառնվելու մոսկովյան մեծահոգի խոստումը: «Ներքին գործերի» մյուս մասնակիցներն էլ հայտարարվեցին արժեքավոր Ռուսաստանի համար: Գնացեք փորփրեք ձեր հոտավետ ներքաղաքական դաշտը, ով ինչ կարող է՝ թող փախցնի: Կարեւորը՝ ոտքի տակ չընկնեք:
Մարտ 16-ի ողբերգական շեմին այսպիսով կայանում է համընդհանուր համաձայնություն հայ ժողովրդի ռուս-թուրքական ապագայի եւ հայկական շահերով թուրքերին կերակրելու ռուսների «անբեկանելի իրավունքի» շուրջ:
lragir.am