Search
Close this search box.

Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով

530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից, նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում, կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում  ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։

Միջոցառումը նվիրված էր Կանադայի 150 եւ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։

Տորոտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց իրականացված վերջին 12 ծրագրերը` նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։

Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցում` Ուխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում եւ ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի եւ Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում եւ բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել եւ մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի եւ Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։

 

Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

Please enter a valid URL