«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին մասնակցում է նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապետի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:
Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպեսզի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմությունը լքի Բաղրամյան պողոտան:
Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:
Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն:
Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:
Կարծում եմ՝ հրաժարական կտա:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում:
Այո:
Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրություններ:
Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:
Իսկ մինչ այս, քանի որ իշխանությունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:
Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:
Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովրդի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդամենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթոռակռիվ են անում:
Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն անհամատեղելի է, որովհետեւ այն ժողովուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:
Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք:
Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերություններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսները զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:
Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պատերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՛նչ կարծիք ունեք:
Քանի որ նման ինֆորմացիայի խորապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքագետները, վերլուծություններ կարող են անել նրանք:
Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։
Այո։
Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ եւ փրկել մեր երկիրը։
Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժարական տալու դեպքում, բնականաբար մեկ տարի նա կգլխավորի ժամանակավոր կառավարությունը, որից հետո կերեւա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում