Գյումրեցիներին օդային տրանսպորտ խոստացող «Արմոն» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որը ծնունդով գյումրեցի է, սակայն երկար տարիներ բնակվում է Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում, Գյումրու քաղաքապետարանին դիմում է ներկայացրել՝ խնդրելով սառեցնել իր ներդրումային ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին Aravot.am-ին տեղեկացրել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե կա՞ն գործարարներ, որոնք հրաժարվել են ներկայացրած ծրագրերից։
Օդային տրամվայներ խոստացող այս ծրագիրը, որը կոչվում էր «Սքայ Գյումրի», ի սկզբանե հումորի թեմա դարձավ գյումրեցիների համար, հատկապես, երբ իմացան, որ հեղինակը Այրարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու համար ծրագիր ներկայացրած նույն անձն է։