Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 4-ին օրը ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա ուժեղանում է։ Մենք, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր ԶՈւ-ն»,-ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չի խոսում ոչ նյութական, ոչ էլ մարդկային կորուստների մասշտաբների մասին։ Սակայն վերականգնման համար, փորձագետների գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլար է անհրաժեշտ ։
«Պետք է ԶՈւ-ն վերականգնել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք»,-նշել է Քոչարյանը։
Նա շեշտել է, որ հսկայական աշխատանք է սպասվում. պետք է ունենալ համախմբված հասարակություն, ինտելեկտուալ էլիտա, որն ունակ է գիտակցել սպառնալիքներն ու լուծումներ գտնել։