«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ողջ երկիրը, ելնելով Նիկոլի հայտնի սկանդալային հայտարարությունից, քննարկում էր «Իսկանդերի» պայթել-չպայթելու հարցը, ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ զինատեսակն առհասարակ չի կրակել: «Ըստ մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից, ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել»,- այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ բոլոր հրթիռները գտնվում են զինապահեստում:
Բայց չէ՞ որ Նիկոլի ակնարկից զատ նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հստակ հայտարարել է. ««Իսկանդեր» պատերազմի ընթացքում կիրառվել է, բայց որտե՛՛ղ՝ չեմ նշի»: Նիկոլն էլ «պեչատեց», թե 10 տոկոսն է պայթել:
Այսպիսով, ՌԴ ՊՆ-ի հայտարարությունից հետո Մ․ Հակոբյանը մնո՞ւմ է այն մտքին, որ «Իսկանդերը» արձակվել է: Հարցի շուրջ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով «Իրավունքը» դիմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, ով կրկին պնդեց ավելի վաղ ասվածը.
— Ես չգիտեմ, թե ռուսական կողմը ինչու է նման հայտարարությամբ հանդես եկել, չեմ կարող մեկնաբանել:
— Պարո՛ն Հակոբյան, ամեն դեպքում, փաստացի, ՌԴ ՊՆ-ն հերքեց ինչպես Ձեր, այնպես Էլ Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» գործարկման մասին:
— Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի:
— Դե դրա համար էլ հարցնում ենք։
— Ես էլ պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու, ապա դա իմ խնդիրը չի»: