Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հիշեցրեց, որ այդ մասին մամուլում հրապարակում եղել է, և ՊՆ-ն չի հերքել.
«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս՝ չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում», — ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք հասանելի չեն:
Թագուհի Թովմասյանը նաև նկատեց.
«Ես մինչև հիմա գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պրոֆեսիոնալ է, կադրային բոլոր աստիճանակարգերով բարձրացած, «ուղնուծուծով» զինվորական է: Հիմա ի՞նչ եղավ, որ էս մարդը մերժելի դարձավ: Այդ հարցի պատասխանը չունեմ: Թող էդ հարցի պատասխանը հնչի, որ հասկանանք՝ Օնիկ Գասպարյանին, ի վերջո, կամակորության հետևանքո՞վ ենք ուզում գնա, թե՞ հստակ պատճառ կա»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի վերաբերյալ էլ Թովմասյանն ասաց, որ դա խնդրի լուծումներից մեկն է:
«Դա տրամաբանական լուծում է: Ընդունելի և քննարկելի տարբերակ է: Իրավիճակի հանգուցալուծում է», — նկատեց օրենսդիրի ներկայացուցիչը: