Այսօր՝ փետրվարի 27-ին, Կապանում տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցավ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
«Այսօր յուրաքանչյուր քաղաքացու պետք է մտահոգի այս ճգնաժամային իրավիճակը, քանի որ խաթարվում են պետականության հիմքերը և շատ լուրջ անվտանգային սպառնալիքներ են առաջանում՝ առավել Սյունիքի և սյունեցու, այնպես էլ ամբողջ երկրի համար: Գտնում եմ, որ սյունեցիները, հատկապես կապանցիները, պետք է կտրվեն իրենց առօրյայից և ուշադրությունը սևեռեն ներկայիս պատմության ընթացքի վրա, քանի որ այսօր կերտվում է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ապագան»,-ասաց քաղաքապետը:
Գևորգ Փարսյանն ասաց, որ սատարում են բանակին և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
« Մենք մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել էինք այնպիսի բնագծեր, այնպիսի բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էինք մեր բնակավայրերի և բնակիչների անվտանգությունը: Ինձ մոտ մտավախություն կար, որ հնարավոր հրահանգվի, որ մենք այդ բնագծերը զիջենք, դրա համար խնդրեցի հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ: Նոյեմբերի 23-ին կամ 24-ին գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Օնիկ Գասպարյանին: Նրան հարց տվեցի, թե այս բնագծերի ճակատագիրը ի՞նչ է լինելու, նա ասաց, որ շատ լավ հասկանում է այդ բնագծերի և այդ անկլավի կարևորությունը: Ասաց՝ զինված ուժերը շատ բան անել չեն կարող, որովհետև այսուհետ դիվանագետները պետք է փորձեն քննարկումների արդյունքում հարցեր լուծեն, բայց միանշանակ այդ անվտանգության գոտի հատվածը չպետք է անգամ քննարկվի բանակցությունների ընթացքում, եթե անհրաժեշություն էլ լինի կռիվ ենք տալու, կռիվ ենք տալու այդ բնագծերի, այդ անվտանգության գոտու համար, ոչ մի պարագայում այդ անկլավը չենք զիջելու»,-ելույթի ժամանակ ասաց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ հարցին, թե ի՞նչ պետք է անեն իրենք, Օնիկ Գասպարյանը պատասխանել է՝ ամրանում ենք. «Մենք սկսեցինք ամրանալ, կառուցեցինք 2-րդ պաշտպանական բնագիծը, 3-րդ պաշտպանական բնագիծը, դիրքերը առաջ տվեցինք, ավելի շահեկան բարձունքներ գրավեցինք և ի՞նչ տեղի ունեցավ, մեզ հյուր եկավ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներից մեկը և ասաց՝ ե՞րբ եք պատրաստվում բնագիծը զիջել»,-ասում է քաղաքապետը:
Նա ասաց, որ ռուս խաղաղապահների հետ երկար բանակցել են, որ չզիջեն այդ դիրքերը, ընդհուպ փակել են ճանապարհները, որից հետո հանդիպել են պաշտպանության նախարարին. «Նախարարն ասաց՝ խորհուրդ չեմ տալիս ինչ-որ մեկին դեմ ընկնել և մենք դեկտեմբերի 18-ին այդ դիրքերը զիջեցինք»:
Վարչապետին հարց հղեց Կապանի քաղաքապետը. «Որ անպատասխանատու հայտարարություններ էր անում՝ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ինձ պատասխանի, Արցախը Հայաստա՞ն է, Արցախը Ռուսաստա՞ն է, Արցախը Ադրբեջա՞ն է, Արցախը ի՞նչ է: Տեր կանգնիր Արցախին, ինչու՞ տեր չկանգնեցիր»:
Վերջում հավելեց, որ վարչապետի և կառավարության հրաժարականը խիստ անհրաժեշտություն է:
Իրավաբան.net