Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:
«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշել էր ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, հայտարարել էր, որ «Իսկանդերը» ողջ հզորությամբ չի պայթել։
Ռուսական պաշտպանական գերատեսչությունից կարծիք էին հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ «Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել»,- հավելել էր ՌԴ ՊՆ-ն։
Փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ ևս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 2020-ի աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործում:
Դեռևս պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգևորությամբ ներկայացնում էին «Իսկանդերի» առնվազն երկու հրթիռների արձակումն Ադրբեջանի ուղղությամբ։
Տեսանյութի հետ կապված, սակայն, եղան հակադարձումներ, որ այնտեղ այլ հրթիռային համակարգ է երևում։ Հատկանշական է, որ ՀՀ և ԱՀ Զինված ուժերի սպառազինությունում կա երեք տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռ՝ «Տոչկա», Ռ-17 «Էլբրուս» («Սկադ-Բ») և «Իսկանդեր»: Տեսանյութում հստակ երևում է, որ միևնույն արձակման կայանը 41 վայրկյան տարբերությամբ արձակում է երկու հրթիռ: Նշված երեք տեսակի տակտիկական հրթիռների կայանքներից «Տոչկան» ու «Էլբրուսը» կրում են մեկական հրթիռ, և կայանքից այլ հրթիռ արձակելու համար պետք է այն վերալիցքավորել, ինչը բավականին երկար գործընթաց է (ավելի քան 15 րոպե): «Իսկանդերի» արձակման կայանը, սակայն, կրում է երկու հրթիռ և կարող է դրանք բաց թողնել այդպիսի ժամանակահատվածում:
Ավելին, տեսանյութում նաև երևում է, որ երկու հրթիռների արձակումից առաջ կայանքի նկատմամբ դրանց դիրքը տարբերվում է: Դա ամբողջությամբ բնորոշ է «Իսկանդերին», քանի որ դրա արձակման կայանում հրթիռները տեղակայված են աջից և ձախից:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «Իսկանդեր» հրթիռային համալիրները Արցախյան վերջին պատերազմի ընթացքում չեն կիրառվել, իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում առկա են «Իսկանդեր-Է» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռներ: Դրանք կրում են 480 կգ զանգվածով մարտագլխիկներ և ունեն 280 կմ հեռահարություն: Կախված մարտագլխիկի տեսակից՝ «Իսկանդերի» բեկորները կարող են մահաբեր լինել պայթյունից ընդհուպ մինչև 200 մետր հեռավորության վրա:
Հովհաննես Նազարեթյան