Search
Close this search box.

Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է «Երեկ՝ մինչև օրվա վերջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված միջնորդությունը, որով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է ազատվի աշխատանքից: Նրան ազատելու որոշման մասին երեկ առավոտյան հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ի՞նչ է ասում ՀՀ մայր օրենքը այդ մասին. ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը, որը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի բնագավառում, նախատեսում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»:

Այսինքն՝ ստացվում է՝ վարչապետը առաջարկել է ազատել Օնիկ Գասպարյանին, սակայն նախագահը դեռ չի ընդունել այդ առաջարկը, և Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի շտաբի պետը: Բացի այդ, մայր օրենքի 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, թե ինչ է լինում այն դեպքում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել վարչապետի առաջարկը:

«Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»:

Այսինքն՝ ՀՀ նախագահը կարող է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը. եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ ամիսներ անց միայն կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ստացվում է`Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ, որքան էլ դրա մասին հնչեցնեն մարդաշատ հրապարակում. ի վերջո, կան իրավական գործընթացներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL