Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնանում կառավարության շենքի մոտ։ Ոստիկանական մեքենաներով փակ է դեպի Մելիք-Ադամյան փողոցը, կառավարության շենքի հետնամասում ևս ոստիկանական ուժեր են կենտրոնացել։ Սպասվում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքը, իսկ վարչապետը ելույթով հանդես կգա հրապարակում։
Մինչև վարչապետի աջակիցները կլինեին հրապարակում,քաղաքացիներից մեկը «Դավաճան» գրությամբ պաստառով մոտեցավ կառավարության շենքը հսկող ոստիկաններին, հայտարարելու, որ «Ստահակին թույլ չի տա քաղաքացիական պատերազմ հրահրել», իսկ ոստիկանները նրան տարածքից հեռացրեցին։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։
Հայտարարությունից րոպեներ անց Փաշինյանը գրեց, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ ու իր բոլոր կողմնակիցներին հրատապ հրավիրեց ։
Ըստ տեղեկությունների՝ նախարարության և Փաշինյանին աջակցող գործարարների ենթակայության տակ աշխատակիցներին հրահանգված է սեղմ ժամկետում հասնել հրապարակ:
Քաղաքացիներից ոմանք էլ հավաքվում են ՊՆ-ի դիմաց՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալներին:
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է արել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն˒ սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության˒ միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի եւ Հայոց Բանակի հրամանակարական բարձրագույն կազմի շուրջ։
«Կոչ ենք անում մեր Ժողովրդին˒ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին˒ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»,- նշված է հայտարարության մեջ։