ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», — ասաց Փաշինյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Հիշեցնենք` առաջին անգամ «Իսկանդեր» օգտագործելու մասին հայտարարել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: 2020թ–ի նոյեմբերին նա ասաց, որ «Իսկանդերները» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին: