Search
Close this search box.

Հայաստանում գարեջրի արտադրությամբ զբաղվողների գործունեությունը վտանգված է. ճգնաժամ ալկոհոլի արտադրության ոլորտում

Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտը ճգնաժամային վիճակում է: Ալկոհոլային խմիչքների արտադրողները նախորդ տարում լուրջ խնդրի առաջ են կանգնել եւ ֆինանսական կորուստներ են կրել: Մեկ տարվա ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող ընկերությունները զգալի նվազեցրել են ծավալները:

Այս ոլորտում արտադրության ծավալները նախորդ տարվա սկզբից են սկսել նվազել: Պատճառը՝ կորոնավիրուսն է, դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը եւ պատերազմը: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները գրեթե միշտ փակ են եղել, իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառողներն են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն գարեջրի արտադրության ծավալները նախորդ տարում 2019 թվականի հետ համեմատ պակասել են 10.6 տոկոսով, ինչը մտահոգիչ է: օրինակ, 2020-ին Հայաստանում արտադրվել է 23 մլն 483 հազար 300 լիտր գարեջուր, որը 2019 թվականից 2 մլն 774 հազար 300 լիտրով պակաս է արտադրվել:

Ըստ որոշ մասնագետների՝ Հայաստանում գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների գործունեությունը վտանգված է: Պարզվում է, որ վերջին տարիներին տարբեր երկրներից եւ տարբեր տեսակի մեծ քանակությամբ գարեջուր է ներկրվում Հայաստան, որը հաճախ ավելի էժան է լինում, եւ դրա արդյունքում տեղական գարեջրի իրացման ծավալները նվազում են:
Նշենք, որ գարեջուր ներկրում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Մեքսիկայից, Չեխիայից: Իսկ նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում նշված երկրներից ներկրվել է 3 մլն 217 հազար 600 հազար լիտր գարեջուր: Այսինքն 2019-ի համեմատ 842 հազար 900 լիտր ավել է ներկրվել: Ի դեպ, տեղեկացնենք, որ պակասել են ոչ միայն գարեջրի, այլեւ՝ օղու, կոնյակի եւ գինու արտադրության ծավալները:

Please enter a valid URL