«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:
Իհարկե, կատարել եմ վերլուծություն եւ հանգել հստակ եզրակացությունների, թե որոնք էին պատերազմի այս արդյունքների պատճառը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ-ն ստեղծի հատուկ հանձնաժողով եւ մանրակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողությունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմքում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրական պատճառը վեր հանել:
Ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջողվեց գրավել բերդաքաղաք Շուշին: Նաեւ հաշվի առնելով, որ այդպես էլ չի հաջողվում անգամ պարզել՝ ով էր գլխավորում քաղաքի պաշտպանությունը:
Պատերազմի առաջին իսկ օրվանից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը եւ բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:
Գիտեք, որ պատերազմի ավարտից հետո շատ են հնչում տեսակետներ, որ այս պատերազմը վաճառված էր, իսկ հայ զինվորը՝ դավաճանված: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը:
Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք եւ վատ կռվել:
Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:
Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:
Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։
Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի անգամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:
Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:
Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանությունն էր:
Շատերը փորձում են համեմատականներ տանել Ապրիլյան պատերազմի եւ այս պատերազմի միջեւ: Համեմատելի՞ են:
Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ երկու պատերազմներն էլ անհամեմատելի են:
Որո՞նք են, ըստ Ձեզ, այսօր մեր բանակի առաջնահերթությունները:
Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին եւ գլխավոր խնդիրն այսօր վերակազմավորվելն է եւ այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վարելուն համահունչ բանակի ստեղծումը:
Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:
Հասկանում եմ Ձեր հարցի էությունը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են եւ բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»: