SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պողոսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածների (սպանության փորձ), 175 հոդվածի 3-րդ մասի (ավազակային հարձակում) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետի վրա բժշկական դիմակով դիմակավորված դեռևս անհայտ անձի կողմից մարտական նռնակով ավազակային հարձակում կատարելու փաստով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը տարադրամի կետից հափշտակել է մոտ 29 միլիոն դրամ։
Ավելի վաղ դեպքի վայրից ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փետրվարի 22-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը։
Տեղում են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել են նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Նարեկ Մովսիսյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանների և բուժվարչության օպերատիվ խումբը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: