Search
Close this search box.

Ոստիկանությունը լրագրողների նկատմամբ բռնություն հրահրող ֆեյքերին չի կարողացել գտնել

ՀՀ ոստիկանությանը չի հաջողվել պարզել լրագրողների նկատմամբ ատելության խոսք տարածող և բռնություն հրահրող ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ ինքնությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ֆեյսբուքյան լրատվական կեղծ էջի հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Yerkir.am կայքի նախկին լրագրողները։ Վերջիներս դեռևս նոյեմբերի 17–ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով պատշաճ գնահատական տալ իրենց նկատմամբ ատելության խոսք տարածող և բռնություն հրահրող անձանց գործողություններին և կանխելու լրագրողների նկատմամբ կիրառվող ոչ օրինաչափ վարքագիծը։

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իշխանական կողմնորոշում ունեցող կեղծ էջով նոյեմբերի 16–ին տարածվել էր նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք պարունակող գրությամբ, ինչին հետևել էին լրագրողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հարյուրավոր մեկնաբանություններ։

Ուշագրավ է, որ գործի քննությունն ի սկզբանե հանձնարարվել է ոչ թե ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությանը կամ այլ մասնագիտացված ստորաբաժանման, այլ Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քննիչ Հ. Թաթմանյանին, որն էլ մեկ ամիս «ուսումնասիրելով» հաղորդումը, հրապարաման մեջ և դրան կից մեկնաբանություններում հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել և բաժնի պետ Կ. Բունիաթյանի հետ եզրակացրել է, որ լրագրողը ֆեյքերի հարցով կարող է դիմել դատարան։

«Դիմումների շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել պարզել Ֆեյսբուք սոցիալական կայքում «Անհերքելի փաստեր» անվամբ գրանցված էջի օգտատիրոջ ինքնությունը, ինչպես նաև նշված էջում տեղադրված գրառման մեջ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ Ձեր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Դուք կարող եք դիմել դատարան»,-ասված է լրագրողին հասցեագրված նամակում։

Նման իրավիճակում հարց է ծագում, եթե ոստիկանությունն իր ողջ ռեսուրսով ի վիճակի չէ բացահայտելու կեղծ օգտատիրոջ ինքնությունը, ինչպե՞ս պետք է դատարանն իր վրա վերցնի այդ գործառույթը՝ ծանուցագիր ուղարկի ֆեյքին, վերականգնի հայցվորի խախտված իրավունքները։

Հասկանալի է, որ այս գործը ոստիկանության համար շարքային գլխացավանք է, որից ազատվելու լավագույն ելքը լրագրողին դատարան ուղղորդելն է, սակայն հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվեր նույն ոստիկանապետը, եթե այս կամ այն կեղծ էջով զրպարտեին, հայհոյեին և սպառնային իր կնոջը կամ դստերը կամ էլ որդիներին։ Օրինակ, երբ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջով սկսեցին վարկաբեկել ԱԱԾ տնօրենի կնոջը, Արմեն Աբազյանը գործի դրեց ողջ պետական ռեսուրսները, իրար խառնեց ԱԱԾ համակարգը՝ արդյունքում լուրջ կառույցին դնելով, մեղմ ասած, զավեշտալի վիճակի մեջ։ Այսպիսով մնում է արձանագրել, որ ԱԱԾ–ն և ոստիկանությունն իրենց տեղում են կամ փորձում են իրենց տեղում լինել, երբ թիրախում է հայտնվում իրենց ընտանիքը, իսկ երբ լրջագույն հարվածի տակ է դրվում պետության անվտանգությունը կամ ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, նրանք դիտորդի դերում են և անկարող են ոչինչ ձեռնարկել։

Please enter a valid URL