Նախօրեին որոշ «լրատվականներ», հավատարիմ մնալով իրենց՝ իրականությունից կտրված, սուտ տեղեկատվություններ տարածելու սկզբունքներին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականին» իմ տված հարցազրույցից առանձնացրել են կոնտեքստից դուրս տողեր և աղճատված ներկայացրել են հանրությանը։
Բառացի ներկայացնում եմ, թե ինչ եմ ասել հաղորդման ընթացքում․
«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվատնգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եվ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաև, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Մենք արդեն երկու անգամ՝ 1999թ․հոկտեմբերի 27-ին և 2020թ․ նոյեմբերի 10-ին, ականատես ենք եղել ռոմանտիկների կողմից «կայծակնային» արագությամբ պետական պահպանության տակ գտնվող շենքերի գրավմանը և դրա հետևանքներին, ուստի ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը չի պատրաստվում կրավորական դիրք ընդունել հակապետական ծրագրերի վերաբերյալ հայտարարություն անողների և դրանք իրականացնողների նկատմամբ, հատկապես հետպատերազմյան այս բարդ ժամանակահատվածում։
Մեր իրավապահ համակարգը գիտակցում է, որ նմանօրինակ հայտարարությունները մեր պետության անվտանգության համար լուրջ սպառնալիքներ են պարունակում և քայլեր կնախաձեռնի դրանք «կայծակնային» արագությամբ կանխելու ողղությամբ։
Հավանաբար, այս հայտարարությունների պատճառն այն է, որ պատերազմից հետո որոշ քաղաքացիների մոտ հաշվառումից դուրս զենքեր են մնացել, այս հարցը ևս պետք է հնարավորինս արագ իրավական առումով լուծում ստանա՝ զենքի անօրինական կիրառումը բացառելու նպատակով։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հարցազրույցի ընթացքում իմ տված գնահատականը, որը որևէ կապ չունի ժողովրդի վրա կրակելու հետ: Իսկ իրենց քաղաքական նպատակները որպես ժողովրդի պահանջ մեկնաբանելը ինձ համար առնվազն անթույլատրելի է: Այս պահին ժողովրդի համար ամենակարևորը հրադադարի ռեժիմի և ներքին անվտանգության պահպանումն է:
ԱԺ պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից