Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։ Նրա գործն ուղարկվել է դատարան։
Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել: