Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում

Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունը:

Տարածված հայտարարությունում ասվում է. «Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ և հենց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ Շարժումը պատասխանատվություն և միասնականություն է ցուցաբերել Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Դուք դրան ականատես եք եղել և մասնակցել եք մեր կողմից իրականացված տարբեր գործողություններին, որոնք նպատակաուղղված են օգնելու պատերազմի զոհերին:

Այսօր մենք ստիպված ենք դատապարտել այն գործողություններն ու սխեմաները, որոնք դանդաղեցնում են մեր աշխատանքը:

Դեկտեմբերի 18-ից մեր՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներից մեկը, որում առկա է ավելի քան 9 տոննա օգնություն, արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում և սպասում է մաքսազերծման: Չնայած այն հանգամանքին, որ մենք ստիպված էինք համակերպվել, որ թուրքական ապրանքների մաքսազերծումը (մինչև 2020 թ. Դեկտեմբերի 31-ը) առաջնահերթություն ուներ մեր մարդասիրական բեռի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք ընդունեցինք մաքսային ծառայությունների փակումը տարեվերջին՝ տոների կապակցությամբ, չնայած համակերպվել ենք Հայաստանի վարչակազմի կողմից իրականացվող գործողությունների երկար ժամանակ պահանջելուն և բարդությանը, մենք չենք պատրաստվում ընդունել այն գործողությունները և սխեմաները, որոնք նպատակ են հետապնդում հետաձգել հումանիտար օգնության առաքումը:

Ավելի քան երկու ամիս է, ինչ, չնայած բոլոր վարչական թույլտվությունների ստացմանը, մաքսատունի անընդմեջ դնում են այնպիսի անհասկանալի պայմաններ, որոնք երբեք չեն ձևակերպվել նախօրոք, մինչ մենք կկարողանանք հավաքել օգնության տուփերը: Չնայած այն հանգամանքին, որ մենք տեղյակ էինք Հայաստանի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամության բացակայության մասին, մեզ այժմ վհատեցնում է այն փաստը, որ մաքսատունի որոշ անհատներ օգտվում են իրավիճակից՝ հնարավորինս երկարացնելով գործընթացը: Ի՞նչ նպատակով:

Սա պարզապես անփութության դրսևորում է, թե՞ ավելի արագ և հեշտ կլիներ, եթե մենք «կանխիկ նվիրատվություն» առաջարկեինք մեր գործով զբաղվող պետական պաշտոնյաներին: Նմանատիպ գործողություններն առավել սարսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը:

Ավելորդ է ասել, որ երկիրն անցնում է իր պատմության ամենակարևոր սոցիալական և հումանիտար ճգնաժամերից մեկի միջով, և այս օգնությանը սպասում են հարյուրավոր մարդիկ, որոնց համար այն կենսական նշանակություն ունի: Եվս մեկ սարսափելի դիտարկում՝ նման գործողությունները պարբերական բնույթ են կրում. մեր տուփերը պահվում են մի քանի տասնյակ անվասայլակներից և բժշկական մահճակալներից ոչ հեռու՝ սարքավորումներ, որոնք ավելի քան անհրաժեշտ են այս պահին: Մենք դատապարտում ենք ձախողված համակարգը, որում չարամիտ անհատները ի զորու են օգտվել այդ ձախողումներից՝ դրանք ծառայեցնելով ի շահ իրենց և ի վնաս հավաքական շահի:

Please enter a valid URL