Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության մասին որոշումը։
Ըստ դատարանի որոշման՝ Սաղաթելյանը կմնա կալանքի տակ։ Նրա փաստաբանի փոխանցմամբ, չնայած, որ դատարանը ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, այնուամենայնիվ, որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր «Gagik Soghomonyan»-ին բացահայտելու համար ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։ Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, Մհեր Ավագյանը ազատ արձակվել, իսկ Կարեն Բեքարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։
Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: