SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Լոռու մարզյաին վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ տեղի է ունեցել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանի սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Օձուն գյուղի 4-րդ փողոցում, և նա արդեն մահացած հիվանդանոց է տեղափոխվել Nissan Teana մակնիշի 35 ZG 086 համարանիշի ավտոմեքենայով:
Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նախնական տվյալներով, մահացածի մարմնի վրա կան կրակոցների հետքեր: (Գ. Շամշյանի տեղեկություններով, կրակոցներն արձակվել են որսորդական հրացանից):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանություն կատարողին և դեպքի մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ փետրվարի 20-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնել էր է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր, ում՝ ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց էին տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով: