Նա պաշտոնանկությունից հետո շարունակում էր բիզնեսով զբաղվել, քաղաքականապես ակտիվ չէր։ Այդ դադարի մեջ Սերգո Կարապետյանի անվան շուրջ աղմուկը մեծացավ, երբ հայտնի դարձավ, որ բավական աղմկահարույց քրեական գործով Սերգո Կարապետյանը ցուցմունք է տվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Դրանից հետո նախկին գյուղնախարարի ցուցմունքի հիման վրա Սերժ Սարգսյանը ներգրավվեց որպես մեղադրյալ, և գործն ուղարկվեց դատարան։ Երեկ՝ փետրվարի 18-ին, նախատեսված էր այս գործով հերթական դատական նիստը, որը, սակայն, չի կայացել և հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին։ Գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Մաքսհուր»-ը և «Ֆլեշ»-ը: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ, և բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:
Դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ էին ներգրավված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, վերջինիս տեղակալ Սամվել Գալստյանը, նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը և «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք մեղադրվում են պետական միջոցներից հափշտակություն և վատնում կատարելու մեջ՝ ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամի չափով։
Մեղադրյալներից երկուսը, սակայն, այս քրեական գործի քննության ընթացքում մահացան։ Մոտ մեկ ամիս առաջ մահացավ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Սերգո Կարապետյանի նախկին տեղակալ Սամվել Գալստյանը, երեկ էլ ինքը՝ Սերգո Կարապետյանը։
Նշենք, որ բացի 500 միլիոն դրամի դիզվառելիքի յուրացման գործից, ժամանակին մամուլը գրեց, որ ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Մոտ մեկ տարի առաջ մամուլը գրեց, որ այդ գործով գործարար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացվել: Դիմելով իրավապահներին՝ Միխայիլ Բաղդասարովը իր դիմումում նշել էր, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի: Խոսքը հենց Սերժ Սարգսյանի մասին է։ ԱԱԾ-ում այս դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալը։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Այս քրեական գործի մասին հայտնի դարձավ 2020-ի մայիս ամսին, իսկ ամիսներ անց՝ 2020-ի օգոստոսի 22-ին, Միխայիլ Բաղդասարովը մահացավ։ Նա մահվանից օրեր առաջ սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց և գտնվում էր կոմայի մեջ:
Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն այդպես էլ տեղեկատվություն չտրամադրեց, և ոչ էլ հայտնի դարձան գործի մանրամասները։
Ինչ վերաբերում է դիզվառելիքի գործին, ապա ՍերգոԿարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործի քննությունը շարունակվելու է դատարանում, քանի որ գործով մի քանի ամբաստանյալ կա։ «Եթե մեկ ամբաստանյալ լիներ, գործի քննությունը, բնականաբար, կարճվելու էր, բայց եթե մի քանի ամբաստանյալ կա, ապա գործի քննությունը շարունակվելու է, և դատարանը վճիռ է կայացնելու մնացած ամբաստանյալների վերաբերյալ։ Իսկ մահացած անձանց մասով, բնականաբար, կարճվելու է»,- ասաց Բատիկյանը՝ հավելելով, որ քրեական գործում կան այդ անձանց ցուցմունքները, որոնք դատարանում կհրապարակվեն։