Search
Close this search box.

Չգիտենք՝ օդ են կրակում, թե մեր ուղղությամբ, բայց կրակոցներ միշտ էլ լինում են

Սյունիքի սահմանամերձ համայնքներին հարակից դիրքերում գրեթե ամեն օր կրակոցներ կան։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասում է Սյունիքի Սրաշեն գուղի նախկին գյուղապետ Հենզել Աբրահամյանը։

«Չգիտենք՝ օդ են կրակում, թե մեր ուղղությամբ, բայց կրակոցներ միշտ էլ լինում են։ Մենք էլ միշտ զգույշ ենք լինում»,- նշում է նա։

Վերջին շրջանում Սյունիքի սահմանամերձ դարձած տարբեր բնակավայրերից ահազանգ է ստացվում, որ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակում։ Այս խնդիրը բարձրաձայնել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հենզել Աբրահամյանն ասում է՝ Սրաշենի գյուղատնտեսական նշանակության հողերն արդեն գտնվում են թշնամու նշանառության տակ։

«Մեր հողերը, որտեղ մեր գարնանացան ու աշնանացանն է, անմիջապես արդեն կպած է իրենց։ Իրենց պոստը էնտեղ է, մերն էլ է էնտեղ, իրարից 100 մետր են հեռու։ Դե ինչ իմանաս, թե ինչ կլինի հետագայում։ Մեր հողերն իրենց դիտակետում են, նշանառության տակ են, իրենք բարձր են, մեր դաշտերը ցածր են։ Որ ասեմ՝ ժողովուրդը հուսահատվել է, չէ, սուտ կլինի, բայց անորոշ վիճակում են մարդիկ, չգիտեն՝ հողերը մշակելու են, չեն մշակելու, ցանած ցորենը ոնց են հնձելու, ինչ երաշխիք կա։ Գնաս դաշտը, դե թուրք ա էլի, թուրքը գիտես ոնց ա, ասում ա՝ ընկերություն արա հետը, բայց ձեռքիդ պիտի մի բան լինի, որ հանկարծ մի բան լինի, սկզբում դու խփես»,- հավելում է Հենզել Աբրահամյանը։

Նախկին համայնքապետի խոսքով՝ ի սկզբանե չպետք էր թույլ տալ, որ ադրբեջանցիներն այդքան մոտենային Սյունիքի համայնքներին։

«Այնտեղ բուֆերային գոտի պիտի լիներ, թե մեկ կիլոմետր է, թե հինգ, այդքան բուֆերային գոտի պիտի լիներ։ Մենք կարայինք պահեինք էդ դիրքերը, բայց մեզ չթողեցին։ Մեզ 4-5 պոստ հետ տվեցին, ասացին՝ պարտադիր պիտի հետ գաք, իրենց հողն է։ Բայց տեղ կա, որ իրենց հողը չի, մեր հողն ա, բայց էլի իրենք են կանգնած։ Ես մեր սահմանները լավ գիտեմ, հիմա մեր սահմանակից մի պոստում իրենք են կանգնած։ Մենք էինք կանգնած, բայց իրենք հետ տվեցին, մեր քաղաքապետն էլ ձգտեց, որ պահի, չեղավ, ասացին՝ դա իրենցն է։ Հանդ գյուղում էլ կա էդ խնդիրը։ Անմիջապես սահմանակից են դարձել արդեն մեր գյուղը, Ներքին Հանդը, Ծավը, Շիկահողը։ Դեպի Կապան գնոցող ճանապարհի 7-8 կմ-ն Ադրբեջանի հսկողության տակ է։ Ճիշտ է՝ մենք իրենց զինվորներին չենք տեսնում ճանապարհին, բայց զնակը դրել են։ Մարդ վախենում ա էլի, սա Խորհրդային միությունը չի, որ գնաս-գաս ընկերություն անես իրենց հետ։ Ճիշտ ա, սյունեցիները չեն վախենում, բայց դժվար է մեր երեխային համոզել, որ նրանք էլ են մարդ»,- ասում է Աբրահամյանը։

Հենզել Աբրահամյանը նշում է, որ Սրաշենում մարդիկ չեն խոսում արտագաղթելու մասին։ «Մեր գյուղից հլա ոչ մեկը չի արտագաղթել, ոչ Հանդից, ոչ Շիկահողից ոչ մեկը չի արտագաղթել։ Ո՞ւր գնան մարդիկ, Երևա՞ն։ Երևանում ի՞նչ կա, էսօր Երևանի փողոցներում կանգնել են, չգիտեմ ինչեր են ուզում, արդարություն են ուզում։ Արդարությունը կա, էդ արդարությունը պահպանող չկա։ Երևանի կենտրոնում չէ արդարությունը, թող գան սահման։ Ընդհանրապես Հայաստանն սկսվում ա Սյունիքից, ուզում ա Փաշինյանը լավ չզգա կամ Արմեն Սարգսյանը լավ չզգա դրանից, բայց միշտ էլ այդպես ա եղել՝ Հայաստանը սկսվում ա Սյունիքից։ Եթե Սյունիքից ա սկսվում, ուրեմն մեր գյուղից ա սկսվում, Մեղրիից ա սկսվում, մենք ենք էսօր անմիջապես սահմանին։ Այսօր Սյունիքը եթե տան Ադրբեջանին, էլ քո Հայաստանն ո՞ւմ ա պետք։ Տակը ի՞նչ ա մնում»,- հարցադրում է անում նա։

Հենզել Աբրահամյանը հավելում է․ «Մենք անընդհատ մեր ուժը պետք է ցույց տանք։ Պետք է միահամուռ ու համախմբված լինենք, մի բռունցք լինենք, որ կարողանանք մի բանի հասնել։ Էսօր Երևանի կենտրոններում չգիտեմ ինչեր են ուզում, էնտեղ չպիտի ուզեն, պիտի գան կանգնեն սահմանին ուզեն։ Էսօր սահմանին կանգնած զինվորի կողքին պիտի կանգնած լինեն։ Հիմա պիտի ազգը մի բուռ դառնա, թե չէ կործանվելու ենք։ Ոչ թե մենակ Սյունիքը, Հայաստանն ա կործանվելու»։

Please enter a valid URL