Search
Close this search box.

Ո՞վ է Հայաստանում պետության ղեկավարը

«Մարդ պետք է հստակորեն գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է, համենայն դեպս ղեկավարներից մեկը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև գործող վարչապետն իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է», – Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը գործող Սահմանադրության «հեղինակն է»: Սարգսյանն ասել է նաեև, որ Փաշինյանն ինքն իրեն գերագույն գլխավոր հրամանատար է նշանակել։

Ո՞վ է Հայաստանում պետության ղեկավարը, Փաշինյանն իրավունք ունե՞ր լինելու Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, առավել եւս, Հայաստանի ու Արցախի անունից փաստաթղթեր ստորագրել։ Միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում Հայաստանի գործող ղեկավարության, ավելի ճիշտ վարչապետի իրավազորությունը։ Եվ եթե մեր պետության ղեկավարը նախագահն է, ինչու՞ է նա իրեն այլ կերպ պահում։

Օրերս Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Կատարի դեսպան Մոհամեդ բեն Համադ ալ-Հաջրիին, որը համատեղությամբ հավատարմագրված է Հայաստանում։ Կատարի դեսպանը Հայաստանի դեսպանին է հանձնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի նամակը՝ ուղղված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Հիշեցնենք, որ Կատարն իր միջնորդությունն է առաջարկել Իրանին ու ԱՄՆ-ին։ Այսօր ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցով բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին ու հետ կանչել նոր պատժամիջոցները։

Արմեն Սարգսյանը երկար ժամանակով բացակայում էր Հայաստանից։ Պաշտոնական տվյալներով, նա Լոնդոնում էր, որտեղ կորոնավիրուսով էր վարակվել եւ երկար բուժվում էր։ Նա Հայաստան է վերադարձել փետվարի 16-ին՝ նույն օրը, երբ Երեւան էր ժամանել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարար Ուենդի Մարթոնը։ Նա հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին։ Բրիտանացի նախարարի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման մասին չի հաղորդվել։

Ինչու՞ այդ հանդիպումը չի կայացել։ Մորթոնը չի ուզել հանդիպել՝ համարելով, որ «պետության ղեկավարը» Հայաստանի նախագա՞հն է։ Ի դեպ, Արմեն Սարգսյանը Մորթոնին հանդիպել էր 2020 թվականի սեպտեմբերի 20-ին Լոնդոնում։

Արմեն Սարգսյանը, ով իր համաձայնությունն էր տվել իր սահմանադրական լիազորությունների կրճատմանը, այդուհանդերձ լծակների է տիրապետում, այդ թվում՝ «հայկական փողերի» վերահսկողությունը։ Երեւան գալուց անմիջապես հետո Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստան համահայկակամ հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ու պահանջել հաշվետվություն կատարված աշխատանքների համար։ Հայկական թերթերը տհաճ տվյալներ են հրապարակել հիմնադրամի աշխատանքների մասին, եւ Սարգսյանը պահանջել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել, որի նախագահն է ինքը։
lragir.am

Please enter a valid URL