Hetq.am-ը գրում է. Սարգիս և Մարիամ Միրզախանյանները կորցրել են իրենց երկու որդիներին։ Վարդան Միրզախանյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիում։ Այս տարվա փետրվարի 2-ին հիվանդությունից մահացել է նրանց 5-ամյա որդին՝ Ալեքսը։
Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Լուսառատ համայնքում, կիսաքանդ պանելային շենքի առաջին հարկում։
Մեզ դիմավորում է Սարգիսը, ուղեկցում տուն։ Հյուրասենյակի բազկաթոռին նստած է Մարիամը։ Նա ձեռքերը պարզում է, գրկում ինձ ու սկսում արտասվել։ Մարմնովս սարսուռ է անցնում, անշարժ կանգնում եմ: Մի քանի րոպե հետո բաց է թողնում, ներողություն խնդրում, որ չի կարողանում զսպել զգացմունքները։
«Գիտեմ՝ ինչի համար եք եկել, երանի էդ առիթը չլիներ…Վարդանս վերջին անգամ զանգել էր նոյեմբերի 7-ին, ասում էի շատ մի զանգի էլի, գիտեի, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են։ Հարցրեց՝ Ալեքսը ո՞նց է, էրեխու ատամը մի քանի օր ցավում էր, ասեցի՝ լավ է, դեղ եմ տվել, քնած ա, ասեց՝ դե լավ նայեք էրեխուն։ Հիմա ոչ Վարդանս կա, ոչ էլ Ալեքսս»,- պատմում է Մարիամ Միրզախանյանն ու ձեռքով ցույց տալիս որդիների՝ պատից կախված նկարները։
27-ամյա Վարդան Միրզախանյանը ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում, շարքային ծառայող էր։ Ռազմական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 27-ից։ Սկզբում եղել է Քարվաճառում, Հադրութում, հետո տեղափոխվել է Շուշի։ Վարդանն ամուսնացած էր։ Ապրում էր Մասիսի շրջանի Սիս գյուղում։ Այն տունը, որտեղ տղան կնոջ հետ բնակվում էր, ծանոթներից մեկը ժամանակավորապես անհատույց տրամադրել էր ամուսիններին։ Երեխա չունեին։ Մայրն ասում է՝ չգիտի՝ ուրախանա, թե՞ տխրի, որ որդին ժառանգ չունի։
Վարդանի աճյունը ծնողները գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 14-ին։ Սարգիսը որդու մարմինը ճանաչել է դաջվածքից։ Ծնողները կարծում են, որ Վարդանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Հոր խոսքով՝ Վարդանի մարմնի վրա բեկորներ կային։
Վարդանի զոհվելուց հետո ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցներն այցելել են Միրզախանյաններին, դրամական օգնություն են տրամադրել, սառնարան նվիրել։
«Մի ցավից դեռ ուշքի չեկած՝ մյուսը, Վարդանն իմ մեջքը կոտրեց, Ալեքսս էլ լրիվ գետնին տապալեց մեզ»,- ասում է Մարիամը։
Հունվարի 1-ի գիշերը Ալեքսի ջերմությունը բարձրացել է, տղան ընկել է ցնցումների մեջ, կորցրել գիտակցությունը։ Ծնողները շտապ օգնություն են կանչել, երեխային տեղափոխել են նախ Վեդու, ապա՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բժիշկները ծնողներին հայտնել են, որ Ալեքսի գլխուղեղում ուռուցք կա։ Միրզախանյանների խոսքով՝ երեխային երբևիցե բժշկի չեն տարել, գանգատներ չի ունեցել։ Մեկ ամիս Ալեքսը կոմայի մեջ է եղել։ Փետրվարի 2-ին մահացել է։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում