Միջազգային կենտրոնամետ դեմոկրատների գործադիր մարմնի նիստում այսօր՝ փետրվարի 18-ին, քննարկվել եւ ընդունվել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին բանաձեւ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Այսօր տեղի է ունեցել Միջազգային կենտրոնամետ դեմոկրատների՝ CDI, գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին բանաձեւ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ջանքերով, «Ժառանգություն» կուսակցության հետ միասին հաջողվել է մի շարք կարեւոր առաջարկություններ ներառել բանաձեւի մեջ։
Մասնավորապես, ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության կարեւորությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում։
Անդրադարձել է ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման խնդրին։
Կոչ է արել իրականացնել ռազմական հանցագործությունների պատշաճ հետաքննություն եւ պատժել մեղավորներին։
Ադրբեջանին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, պահպանել տարածաշրջանի կրոնական եւ մշակութային հուշարձանները։
Բանաձեւը հղում է անում այդ թվում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին (հիշեցնեմ, որ այն պարունակում է նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք), ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության վրա, որով վերահաստատվում է Արցախյան կարգավորման համար Հիմնարար սկզբունքների եւ էլեմենտների կարեւորությունը»։