ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ Հանրային հեռուստաընկերության լրագրողի բարձրաձայնած երկրորդ հարցը հետևյալն է.
Թուրքիայում երկու հայկական եկեղեցիներ վաճառքի են հանվել, շատ են եկեղեցիների, հուշարձանների ոչնչացման դեպքերը: Մշակութային վանդալիզմի ֆոնին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մասին հայտարարությունները կարո՞ղ են արդյոք հավատ ներշնչել:
«Չեմ կարող որևէ գնահատական տալ անշարժ գույքի օբյեկտների վաճառքի վերաբերյալ, սակայն, ինչ-որ պահի ինձ համար էլ զարմանալի էր, որ աշխարհում մշակութային օբյեկտների վաճառքի պրակտիկա կա: Դեպքեր կան նաև, որ մշակութային օբյեկտները վերածվում են տների, առևտրի կենտրոնների, նույնիսկ գիշերային ակումբների: Այս պարագայում խոսքը յուրաքանչյուր երկրի ներքին ազգային օրենսդրության մասին է, և պետք է ելնել դրանից: Ինչ վերաբերում է կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների ոչնչացմանը, ապա պետք է հասկանալ՝ կոնկրետ ինչի՛ մասին է խոսքը: Սակայն դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը, որ պետք է հոգածությամբ վերաբերվել կրոնական օբյեկտներին, պատմական հուշարձաններին»,- հայտարարել է Մարիա Զախարովան: