«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց՝ դրական է գնահատում այն. «Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս երկու նախագահների և Արցախի նախագահների հետ միասին, մեր երեսնամյա նորագույն պատմության կերտողներից մեկն է:
Կարծում եմ, որ նրա գիտելիքներն աշխարհաքաղաքական իրադարձությունների և հատկապես մեր պետականաշինության և ռազմական գործի ու դիվանագիտության համադրման հարցում այնքան է, որ ինքը գիտի՝ ինչ ներկայացնել հանրությանը, և ինչ է անհրաժեշտ, որպեսզի մեր հանրությունն իմանա»:
Սեյրան Օհանյանին խնդրեցինք առանձնացնել հարցազրույցի այն հատվածը, որի վրա ինքը ևս կցանկանար շեշտրադրում անել։ Նա նկատեց. «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, 2016-2020թթ. մենք ԶՈՒ զարգացման և սպառազինության, ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր ունեինք, մենք անմիջապես փոփոխություններ ենք կատարել և հատկապես օդուժի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն և քանակությամբ բավական միջոցներ ձեռք բերելու համար: Իսկ ինձնից հետո՝ 2018 թ․, փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով և կադրային փոփոխությունը ղեկավար կազմում, 2018-2024թթ․ համար են ԶՈՒ զարգացման պլան կազմել, որի մասին ինքը տեղեկացրեց»:
Մեր խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից նախկին բարձրաստիճան զինվորականների մասին անդրադարձերին, այդ համատեքստում՝ նաև այն ձևակերպմանը, թե «Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը», Սեյրան Օհանյանը պարզաբանեց.
«Կարծում եմ, որ ՀՀ նախագահի խոսքի իմաստն առաջինը կայանում է նրանում, որ Զինված ուժերում արագ փոփոխություններ են կատարվել ղեկավար կազմում, որը մի կողմից՝ կարելի է հաշվել կադրային պլանավորված գործընթաց, իսկ մյուս կողմից էլ՝ այն բացասական է անդրադարձել ընդհանուր առմամբ կառավարման փորձի վրա: Նախկին զինվորականների կարողությունների, հմտությունների օգտագործումն այս պատերազմում անհրաժեշտություն էր, եթե ոչ՝ հրամանատարական այսօրվա գործող ուղղահայացում, ապա գոնե՝ Արցախում պետք է ստեղծվեր Պետական Պաշտպանության կոմիտե, և դրա շրջանակներում՝ ռազմական խորհուրդ, և փորձառու զինվորականներին յուրաքանչյուրին այս կամ այն՝ թե՛ ռազմական, թե՛ պետական, թե՛ նաև տարածքային պաշտպանության խնդիրներով ընդգրկեին, և այդ առումով փորձառու զինվորականների անուն նշեց հանրապետության նախագահը:
Մյուս իր ասածի իմաստը նրանում է, որ պատերազմի այն պահին, երբ արդեն զգացվում էր այդ պարտության ամբողջ ընթացքը, փորձեցին այս կամ այն կերպ հին զինվորականներին ընդգրկել, բայց արդեն ուշ էր, որովհետև յուրաքանչյուր զինվորական ղեկավար կարող է ինչ-որ ուղղությամբ խնդիր կատարել, եթե ինքն ունի այդ հնարավորությունը, ինքն ունի այդ լծակները, ունի իր հրամանատարական ուղղահայացը, իր շտաբը, իր բոլոր ծառայություններն ու զորատեսակները, որոնց միջոցով նաև համագործակցելով՝ խնդիր է կատարում:
Ցանկացած գիտակից անձնավորություն, ով գիտի՝ ինչ է նշանակում՝ պետական կառավարման համակարգ, զինվորական կառավարման համակարգ, կհասկանա՝ եթե մարդ որևիցե պետական կամ զինվորական պաշտոն չի զբաղեցնում, ապա ինքը չի կարող այս կամ այն գործընթացն իրականացնել, մանավանդ՝ զինվորական գործընթացներում, պատերազմական ժամանակահատվածներում յուրաքանչյուր գործունեություն ընթանում է ընթացակարգերի համաձայն: Այսինքն՝ հրամաններ, մարտական կարգադրություններ, նախնական մարտական կարգադրություններ և այլն: Այդ առումով՝ այն անձինք, ովքեր բանակից դուրս են եղել և հետագայում ինչ-որ մի հրամանով չեն ընդգրկվել այս կամ այն կառույցում, նրանք ոչ լծակ ունեին, ոչ էլ հնարավորություն ունեին ինչ-որ խնդիր կատարել»:
Դուք էլ չեք ունեցել փաստորեն լծակ՝ մեր դիտարկմանն ի պատասխան՝ պաշտպանության նախկին նախարարն արձագանքեց. «Ես չեմ ունեցել. ես ինչ կատարել եմ, կատարել եմ կամավոր»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը մինչև օրս չի կարողացել պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, Դուք տեղյա՞կ եք՝ ովքեր են եղել այդ ուղղությունների հրամանատարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցը կարող եք տալ ԳՇ և ՊԲ հրամանատարությանը. իրենք ավելի կոնկրետ կարող են ասել»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում