Search
Close this search box.

Տագնապալի տեղեկություն Արցախից. Հայաստան-Արցախ հրամայականը

Կառավարությունում տեղի է ունեցել Արցախի վերականգնման հարցերի աշխատանքային խմբի նիստ, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի հանգամանքը բավականին խորհրդանշական է Արցախից ստացված մի տեղեկատվության ֆոնին, որը վերաբերում է ռուսերենին Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելուն: Արցախում կա օրենքի այդպիսի փոփոխության նախագիծ, որը կքննարկի խորհրդարանը: Այստեղ հարկ է նկատել, որ խոսքը պաշտոնական, ոչ թե պետական կարգավիճակի մասին է, Արցախում պետական լեզուն հայերենն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Խոսքը երկրորդ պաշտոնական լեզվի մասին է, ինչը նշանակում է, որ ռուսերենը կարող է ներգրավվել պաշտոնական գրագրությունում, փաստաթղթերում:

Այս նախաձեռնությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում առաջացրել է հասկանալի մտահոգություններ՝ կապված պատերազմից հետո առանց այդ էլ սրված հայկական ինքնիշխանության ու սուբյեկտության խնդրի հետ: Արդյո՞ք Արցախում նախաձեռնությունը գալիս է Մոսկվայից, պահանջ է, թե՞ նախաձեռնությունն Արցախից է՝ Ռուսաստանի հետ ինչ-ինչ այլ պայմանավորվածությունների գալու համար: Թե՞ նախաձեռնության հետևում կարող են լինել հայաստանյան կամ ռուսաստանյան տնտեսական ու քաղաքական առանձին շրջանակներ: Բոլոր դեպքերում, ակնառու է նաև այն, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ակնհայտ է Արցախում ռուսական պաշտոնական ներկայությունը՝ խաղաղապահ առաքելության տեսքով, որը Արցախի կառավարման գործընթացներում ունի դե ֆակտո, անգամ դե յուրե որոշակի գործառույթներ:

Ըստ այդմ` չի բացառվում, որ այստեղ նախաձեռնությունը ունի գերազանցապես տեխնիկական շարժառիթ՝ խաղաղապահների և պաշտոնական Ստեփանակերտի միջև փոխգործակցությունն ավելի օպերատիվ և սահուն դարձնելու համար: Բոլոր դեպքերում, մի բան ևս ակնառու է՝ պատերազմից հետո էապես կազմալուծված հայկական անվտանգային համակարգը և Հայաստան-Արցախ կոմունիկացիոն, օրգանական հարաբերության փլուզումը գերկարևոր է դարձնում նոր իրավիճակում օրգանական կապի վերականգնումն ու օտարման որևէ միտում թույլ չտալը: Առավել ևս, որ Ռուսաստանն իր ռազմավարական խնդիրների համատեքստում անկասկած դիտարկել և դիտարկելու է Արցախում իր ներկայության և ազդեցության ընդլայնումը: Սա մի իրավիճակ է, որը թույլ չտալը մի կողմից կարող է վեր լինել Հայաստանի ուժից՝ հաշվի առնելով պատերազմի և հետպատերազմական իրողություններ, մյուս կողմից նաև այդ իրողությունները հաշվի առնելով՝ այսօր, թերևս, Արցախում ռուսական բալանսավորված ներկայությունն ու ամրապնդումը անվտանգային որոշակի երաշխիք է Հայաստանի և Արցախի համար:

Ամբողջ հարցն այն է, որ այդ ներկայությունը պետք է լինի հենց բալանսավորված, իսկ դա նշանակում է, որ պետք է լինի ներկայություն, ոչ թե Արցախի ռուսականացում: Ասել կուզի, այդ ներկայությունը պետք է լինի ամենևին ոչ հայկականության, այլ կերպ ասած՝ Հայաստանի ներկայության հաշվին: Ահա այդ իմաստով է խորհրդանշական ստացված տեղեկությունն ու Հայաստանում Արցախի վերականգնման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Հայաստանը պետք է սերտ աշխատի Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, սակայն, պետք է անի մեծ ծավալի քայլեր Արցախ-Հայաստան որևէ օտարում թույլ չտալու և առավելագույնս արագ օրգանական հաղորդակցությունը վերականգնելու համար: Իսկ այստեղ մի կողմից առաջնային պատասխանատվությունը քաղաքական ղեկավարությանն է, մյուս կողմից նաև հանրությանն ընդհանրապես: Հայաստան-Արցախ օրգանական հաղորդակցության վերականգնումը պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական օրգանիզմի, այսպես ասած, ամբողջ բջիջներով, «բջջային» լայն ճակատով՝ սկսած հասարակական, քաղաքացիական նախաձեռնություններից, մինչև պարզապես շարքային հաղորդակցություն ամենատարբեր նպատակներով, բնականաբար, այդ թվում՝ զբոսաշրջային: Ընդ որում, հայաստանյան հանրությունն այդ գործում հայկական բալանս ապահովելու համար պետք է օգտագործի նաև Հայաստանի միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից բխող բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ Արցախում անվտանգային միջավայրը միջազգայնացնելու ռազմավարությամբ:

1in.am

Please enter a valid URL