Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը չհասցրե՞ց անել դա. անպատասխան հարցեր

2020 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը մեծ մամուլի ասուլիս տվեց հատուկ թեմայով՝ Ապրիլյան պատերազմ, որի ընթացքում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ասելով, թե այդ թեմային կվերաբերի իր հաջորդ մեծ ասուլիսը: Մինչ դա տեղի կունենար, բռնկվեց պատերազմը Արցախի դեմ, որ ավարտվեց ցավալի պարտությամբ: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացավ արդեն բացառիկ հարցազրույցով, որը մեծ ասուլիսի ձևաչափ չէ, քանի որ հարցերի հնարավորությունը, բնականաբար, սահմանափակ է: Մինչդեռ հարցեր շատ կան, թեկուզ հենց Սարգսյանի բացառիկ հարցազրույցի մի քանի հայտարարություններից բխող: Մասնավորապես, նա հայտարարում է, որ մնում էր վարչապետ՝ Արցախի հարցում աշխատանքային փաստաթուղթը ստորագրելու համար, որպեսզի չթողնի սերունդներին:

Իսկ ինչո՞ւ այդ փաստաթուղթը չստորագրվեց մինչև 2018 թվական: Չէ՞ որ նախագահ Սարգսյանը դեռևս 2016-ին էր հայտարարել, որ Հայաստանը ստորագրության պատրաստ էր դեռևս 2011-ին՝ Կազանում, բայց Ալիևը ներկայացրեց հավելյալ պահանջներ, և ստորագրումը ձախողվեց: Առաջանում է մեկ այլ հարց՝ այդ ի՞նչ հավելյալ պահանջներ էր ներկայացրել Ալիևը: Դա հետաքրքիր հարց է, առնվազն այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կարծես թե որևէ կերպ իրենց դժգոհությունը չհայտնեցին Ալիևի հավելյալ պահանջների կապակցությամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրա հավելյալ պահանջները առնվազն լռությամբ ընդունվել են համանախագահ երկրների ղեկավարների մակարդակում, կամ նրանցից որոշների մակարդակում:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը աշխատանքային փաստաթուղթ չստորագրեց 2017-ի ընտրությունից հետո, երբ նրա կուսակցությունը ստացել էր խորհրդարանի բացարձակ մեծամասնություն, երբ նա հաղթել էր խորհրդարանի անաղմուկ ընտրությանը, և ոչ պոպուլյար թղթեր ստորագրելու լավագույն ժամանակը հենց առավելագույն ուժեղ ժամանակն է: Մինչդեռ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու էր թույլ, որովհետև նրա վարչապետությունը հանրությունն ընկալելու էր խիստ բացասական՝ որպես երրորդ և անժամկետ նախագահություն: Սերժ Սարգսյանը դա չէր կարող չպատկերացնել:

Իհարկե, մյուս կողմից հասկանալի է, որ նա իր պատասխաններում չի ներկայացնելու այն, ինչ եղել է, կամ այն՝ ինչ սպասել է, ակնկալել, ծրագրել, ինչ սպասվում էր արցախյան հարցում, ինչ խոսել էին Ալիևի հետ Ժնևում՝ մեկուսի սեղանի շուրջ, երկուսով, որտեղ տեղի ունեցավ նրանց վերջին տետ ա տետ հանդիպումը 2017-ի հոկտեմբերին, և որից մի քանի ժամ հետո շվեյցարահայ համայնքի հետ զրույցում Սարգսյանը հայտարարեց, թե Ալիևն էլ չի ուզում, որ սահմանին լինեն զոհեր: Թեև այդ հայտարարությունից մեկ-երկու օր առաջ ադրբեջանցիները սպանել էին հայ զինվորի, և սպանեցին նաև մեկ-երկու օր հետո:

Սերժ Սարգսյանը հազիվ թե հայտնի իր, եթե ոչ տեղեկացվածությունը, ապա առնվազն գոնե ենթադրությունը կամ գնահատականը, թե Ալիևը 2018-ի հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահի իր հերթական ընտրությունն ինչու տեղափոխեց 2018-ի ապրիլ՝ արտահերթ կարգով ընտրության, այդպիսով ազատելով իր ձեռքերը 2018-ի աշնան համար: Ինչի՞ց էր Ալիևը ազատում իր ձեռքերը: Հարցերը իրապես շատ են, որոնց պատասխաններով կտոր առ կտոր կարող է հավաքվել պատկերը, բայց ինչի հավանականությունը խիստ ցածր է, գրեթե զրոյական: Ի՞նչ էր պատրաստվում ասել Սերժ Սարգսյանը արցախյան թեմատիկայով մեծ ասուլիսի ընթացքում, Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսից հետո: Ի՞նչ կանխեց պատերազմը այդ առումով, և ինչը չհասցրեց կանխել Սերժ Սարգսյանը:
1in.am

Please enter a valid URL