Պատերազմից հետո Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուները միաբերան փորձում են համոզել հանրությանը, որ տնտեսությունը թեթև անկումից հետո գտնվում է դինամիկ աճի մեջ: Թեթև անկումը, թերևս, աննախադեպ 7 տոկոսանոց անկումն է, որը լուրջ մարտահրավեր է հետպատերազմյան Հայաստանի համար: Չնայած իրավիճակի լրջությանը՝ ոլորտի պատասխանատուները շարունակում են հանրության գլխի տակ փափուկ բարձեր դնել:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, օրինակ, խոսում է միլիարդավոր ներդրումների մասին, որոնք ակնկալվում են մոտ ապագայում: Անգամ տնտեսությունից հեռու անձանց համար պարզ է, որ հետպատերազմյան երկրում ներդրողները դժվար թե հերթ կանգնեին՝ ինչպես պնդում է նախարարը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հուսադրում է, որ դրամին ոչինչ չի սպառնում` մոռանալով հայտնել, թե ինչ քայլերի են գնացել իշխանությունները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար: Դե իսկ վարչապետ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ տնտեսության վերականգնման տեմպերը բավարար են:
Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչպես փորձում են համոզել ոլորտի պատասխանատուները, ապա ինչո՞ւ են, օրինակ, իշխանությունները վերջին օրերին ակտիվորեն խոսում Ամուլսարի հանքի վերագործարկման անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ են ավելացնում Հայաստանի արտաքին պարտքը՝ հասցնելով այն ռեկորդային մաքսիմումների: Ինչո՞ւ են եվրոբոնդեր թողարկում. գուցե այն պատճառով, որ բյուջեի ճեղքվածքնե՞րն է պետք փակել: Ինչո՞ւ են Հայաստան Համահայկական հիմնադրամի գումարները ներարկում շուկա՝ դրամի գահավիժումը կանգնեցնելու համար: Ինչո՞ւ են մանիպուլացնում բացված և փակված աշխատատեղերի թվերը: Ինչո՞ւ են բարձրացնում քաղաքացիների հարկային բեռը:
Ինչպես տեսնում ենք՝ եթե ամեն բան այդքան լավ լիներ, ամեն բան այսքան վատ չէր լինի և ոլորտի պատասխանատուների հրապարակային հայտարարությունների և իրական քայլերի միջև լուրջ հակասություններ կան: Վերջիններիս քայլերը ապացուցում են, որ տնտեսությունը գտնվում է կատաստրոֆիկ վատ վիճակում, իսկ իշխանությունները հիմնականում անհաջող փորձեր են անում գահավիժումը դանդաղացնելու նպատակով…
lurer.com