Search
Close this search box.

Քրեական գործ է հարուցվել

08.02.2021թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:

Հիշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու:

Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի և նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում և բացատրություններ ներկայացնելուց:

Արդյունքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, և 15.02.2021թ.-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանի արարքում առերևույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL